Մեկնարկել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը
СПОРТԴավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է ջրացատկի ՀՀ առաջնությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մեկնարկային օրը՝ ապրիլի 21-ին, մրցասպարեզ են դուրս եկել 14 մարզիկ, որոնք ուժերն են չափել 1 մ ոստնակացատկ մրցաձևում:
Առաջնության 2-րդ օրը մարզիկներն ուժերը կչափեն 3 մ ոստնակացատկում, իսկ եզրափակիչ օրը՝ ապրիլի 23-ին, կմրցեն աշտարակացատկ մրցաձևերում: Նույն օրը՝ ժամը 11-ին, տեղի կունենա հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
Նշենք, որ հանրապետական առաջնությունից հետո ՀՀ ջրացատկի հավաքականի անդամներ Ազատ Հարությունյանը և Վլադիմիր Հարությունյանը գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ ապրիլի 24-ին կմեկնեն Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի գավաթի բաց առաջնությանը: