Սիրո աստիճաններ. չինացի «Ռոմեոյի և Ջուլիետայի» հուզիչ պատմությունը
ФОТОԱվելի քան 50 տարի առաջ 19-ամյա տղան՝ Լյուն, սիրահարվեց 29-ամյա Կսյուին: Կինն այդ ժամանակ արդեն այրիացած էր և երեխա ուներ, սակայն ո՛չ դա, ո՛չ էլ տասը տարվա տարբերությունը չխանգարեցին Լյուին: Նույն կերպ, ինչպես ևս Շեքսպիրի պոեմում, երկու կողմերի հարազատներն էլ կտրականապես դեմ էին այս հարաբերություններին: Նրանք համարում էին, որ տարիքային տարբերությունը շատ մեծ էր, 19-ամյա տղան պարտավոր չէ ուրիշի երեխաներին մեծացնել և դաստիարակել, իսկ 29-ամյա կնոջ համար պատանու հետ ապրելը խայտառակություն է:
Այնպես որ, այդ ժամանակ Լյու Գուոջանի և Կսյու Չաոկինի միությունը անհնար էր թվում: Երբ հասարակությունը սկսեց վատ վերաբերվել նրանց, նրանք անհապաղ որոշում պետք է կայացնեին. իրար հետ մնալը անհնար էր, սակայն առանց իրար էլ ապրել չէին կարող: Եվ նրանք որոշեցին. նրանք թողեցին ամեն ինչ և միասին փախան դեպի հեռավոր լեռները:
Նրանք բնակություն հաստատեցին մի քարանձավում: Զույգը ոչինչ չուներ՝ ո՛չ էլեկտրականություն, ո՛չ հագուստ, ո՛չ ուտելիք, ո՛չ էլ այլ հարմարանքներ: Սկզբնական շրջանում սնվում էին խոտերով և արմատներով: Ժամանակի ընթացքում Լյուն կերոսինային լամպ ստեղծեց, որը դարձավ այն բանի խորհրդանշանը, որ նրանց կյանքում ևս լույս կվառվի, և հաջողություն կսպասվի:
30-ամյա Կսյուին թվում էր, որ նա երիտասարդ տղային դժբախտության է հասցրել, որ փչացրել է նրա կյանքը, այդ իսկ պատճառով հաճախ էր հարցնում. «Ինչ-որ բանի համար ափսոսո՞ւմ ես»: Իսկ Լյուն նրան պատասխանում էր. «Մենք անպայման մի բան կմտածենք, և ամեն ինչ լավ կլինի»: Համատեղ կյանքի երկրորդ տարում Լյուն սկսեց լեռան վրա ձեռքերով աստիճաններ կառուցել, որպեսզի նրա կողակիցն առանց վախենալու կարողանա բարձրանալ և իջնել:
Այս զույգի մասին հանրությունն իմացավ միայն 2001 թ., երբ հետազոտողների խումբը զբոսնում էր տեղի անտառներով և պատահաբար հանդիպեց աստիճանների: Դրանց հետևելով՝ խումբը հանդիպեց Լյուին, Կսյուին և նրանց յոթ երեխաներին: «Իմ ծնողներն այնքան շատ են իրար սիրում, որ համերաշխ ապրել են իրար հետ ավելի քանի 50 տարի: Իմ հայրիկը մայրիկի համար 6000 աստիճաններ է կառուցել, որպեսզի վերջինս իրեն ավելի անվտանգ զգա տեղաշարժվելիս, չնայած որ նա միայն երբեմն էր օգտվում այդ աստիճաններից»,- պատմում է Լյու Մինգ Չենը՝ երեխաներից մեկը:
Երբ Լյուն և Կսյուն իրենց ընտանիքների հետ ապրում էին գյուղում, նրանց բոլորն ասում էին, որ տարիքային այդպիսի տարբերության դեպքում լավ ընտանիք ստեղծելն անհնար է, քանի որ կինը կծերանա և ավելի շուտ կմահանա: Լյուն խոստացել էր սիրել և հոգ տանել իր սիրեցյալի մասին մինչև մահ: Սակայն ճակատագիրը նրանց համար այլ պլաններ էր նախապատրաստել: 72-ամյա Լյուն մի օր վերադառնում էր իր ագարակից, երբ պատահաբար վթարի ենթարկվեց: Նրան տուն բերեցին, և Կսյուն գրկեց սիրելիին՝ խնդրելով չլքել իրեն: Սակայն Լյուն մահացավ կնոջ գրկում: «Իսկ դու խոստացել էիր, որ մինչև կյանքիս վերջ ինձ հետ կլինես, - լալիս էր Կսյուն, - բայց ի՞նչ արեցիր: Թողեցիր ինձ մենակ: Ի՞նչ անեմ ես հիմա»:
Ասում են, որ Կսյուն այս խոսքերը անդադար կրկնել է մինչև իր մահը և երբեք չի կարողացել համակերպվել այն փաստի հետ, որ իր սիրելին իրենից շուտ մահացավ: 2006 թ. տեղական կառավարությունը որոշեց Լյուի կառուցած աստիճանները հուշարձան դարձնել և օրենքով արգելեց դրանք որևէ փոփոխության ենթարկել: Այս աստիճանները իրական սիրո խորհրդանիշ դարձան: Սիրո, որը պարփակված չէր հասարակության սահմանած կանոններով և որը չէր վախենում խոչընդոտներից: