Հայաստանի գինեգործական ավանդույթներն ու ժամանակակից արտադրությունը տպավորել են եվրոպացի փորձագետներին
ЭКОНОМИКАԱշխարհի հնագույն` 6100-ամյա գինու մառանով, հայկական խոհանոցի հնարքներով, բնության չնաշխարհիկ տեսարաններով և գինեգործական հազարամյա ավանդույթների ու ժամանակակից արտադրական չափորոշիչների համադրումից տպավորված են հեռացել ոլորտում ազդեցիկ փորձագետները Հայաստանից:
Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով հոկտեմբերի 1-5-ը Հայաստանում են եղել գինեգործության ոլորտի ազդեցիկ 6 փորձագետներ Դանիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ռուսաստանից: Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, եվրոպացի փորձագետների այցը կազմակերպվել է «Արենի» գինու փառատոնին ընդառաջ՝ նպատակ ունենալով աշխարհում բարձրացնել Հայաստանի՝ որպես գինեգործական հնամենի ավանդույթներ և հարուստ պոտենցիալ ունեցող երկրի ճանաչելիությունը, և խթանել գինու արտահանումը:
Այցելությունների հարուստ ծրագրի շնորհիվ, արտասահմանյան փորձագետները հասցրել են ծանոթանալ գինու արտադրության հայկական մշակույթին և տեսականուն: Փորձագետները բացի «Արենի» գինու փառատոնից այցելել նաև են մոտ մեկ տասնյակ գինեգործական ընկերություններ և խաղողի այգիներ, ծանոթացել են հայկական խոհանոցի ավանդույթներին, մասնակցել գինու համտեսների:
«Հայաստանը փորձում է վերականգնել գինեգործության մեր դարավոր ավանդույթները, զարգացնել արտադրությունը, միջազգային շուկայում վերականգնել դիրքերը: Նաև հաշվի առնելով մեր երկրում գինեգործության հին ու նոր ավանդույթների հաջող համադրությունը արտադրողների կողմից, կարծում ենք, արտասահմանում մեծ հեղինակություն ունեցող փորձագետների այցը կնպաստի միջազգային շուկայում Հայաստանի գինեգործական արտադրանքի ու ապրանքանիշերի ճանաչելիությանը և արտադրանքի արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնմանը»,- նշել է Հայաս տանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: