Երբ բեմ վազեց դստրիկս ու ինձ ծաղիկներ նվիրեց, հասկացա, որ արժեր այսքան սպասել. Մարինա Մարտիրոսյան
ФОТОLife.panorama.am-ը գրում է
Life.panorama.am-ի զրուցակիցն է մոսկվաբնակ պարուհի եւ հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանը: Բազմաթիվ նախագծերի վարող Մարինան չորս տար անց առաջին անգամ բեմ է բարձրացել՝ որպես հաղորդավարուհի.
«Վերջին անգամ, սրանից չորս տարի առաջ էր, երբ բեմում էի՝ որպես հաղորդավարուհի: Բեմն ուրիշ աշխարհ է, ուրիշ զգացողություններ, սարսափելի կարոտել էի հանդիսատեսի հետ շփմանը, դա աննկարագրել զգացողություն է, երբ լսում ես հանդիսատեսի ծափերն ու տեսնում նրանց ժպիտները, էմոցիաները: Այս ամենը էլ ավելի տպավորիչ է, երբ դա քեզ հետ կատարվում է երկարատեւ դադարից հետո ու օտար հողի վրա, էլ չասեմ, որ զգացողություններդ միախառնվում են, երբ հանդիսատեսի շարքում նաեւ ընտանիքդ է նստած. Ի դեպ՝ ամուսինս իր գովեստի խոսքերով, խորհուրդներով ու նկատողություններով ամեն հարցում է կողքիս: Պատասխանատվություն, հուզմունք, ուրախություն այս ամենը միախառնված էին Մոսկվայում անցկացված ամենամյա «Հայորդիք» միջազգային փառատոնի ժամանակ, իսկ վերջում, երբ բեմ վազեց դստրիկս ու ինձ ծաղիկներ նվիրեց, հասկացա, որ արժեր այսքան սպասել ու վերադառնալ բեմ»,- պատմեց Մարինան՝ հավելեով.
«Առիթը բաց չթողնելով՝ ուզում եմ այս հնարավորության համար շնորակալություն հայտնել «Հայորդիք» փառատոնի հիմնադիր Անահիտ Սարգսյանին, ով նաեւ փառատոնի համանուն երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավարն է»:
Ի դեպ՝ Մարինան այս համույթում նաեւ դասավանդում է ու պարում.
«Կես տարի է, ինչ աշխատում եմ «Հայորդիք» համույթում, հասցրել եմ հասկանալ, թե ինչ հսկայական ու ամենակարեւորը՝ հայապահպան գործ է անում այն: «Հայորդիքում» բացի պարից, երեխաները նաեւ սովորում ու խոսում են հայերեն, այստեղ երեխաների մեջ սերմանվում է սեր ու նվիրում հայկական մշակույթի եւ ավանդությների նկատմամբ: Հենց սրանից էլ ելնելով՝ արդեն չորս տարի է, ինչ կազմակերպվում է այս փառատոնը, որը միտված է պահպանել ու զարգացնել հայկական պարը օտար երկրում, ինչը բնավ հեշտ գործ չէ: Հավելեմ նաեւ, որ մայիսի վերջին մեր խումբը պատրաստվում է տարեվերջյան հաշվետու համերգի, որը եւս մեծ իրադարձություն է լինելու այստեղի հայերի համար»,- նշեց մեր զրուցակիցը:
Մարինա Մարտիրոսյանը, ամուսնանալով Մոսկվայում, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի շարունակի մոտ լինել հայկական մշակույթին, մեզ հետ զրույցում պարուհին նշեց նաեւ, որ այժմ իր համար հաճելի առաջարկ ունի.
«Ծրագրերը շատ են, այս պահին մի առաջարկ ունեմ, որն ինձ մեծ ուրախություն է պատճառել: Հանրային ռադիոյի ղեկավարությունը առաջարկել է դառնալ իրենց մոսկովյան թղթակիցը: Սա դեռեւս քննարկումների փուլում է, ամռանը կգամ Հայաստան ու ավելի հստակ տեղեկություն կհայտնեմ»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ