«Վստահ ինձ կարող եմ համարձակ համարել». Աննա Սարգսյանն ու նրա սիրելի ձին՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում
ФОТОNEWS.am STYLE-ը գրում է.
Դերասանուհի Աննա Սարգսյանին շատերը կհիշեն «Որբերը» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Անիին, իսկ այսօր Աննան նկարահանվում է «Երանի» սերիալում՝ մարմնավորելով Մայայի կերպարը: Բայց համոզված ենք՝ քչերին է հայտնի, որ բացի սերիալային նկարահանումներից՝ Աննան նաեւ հետաքրքրված է ձիավարությամբ: Նրա հոբբին դարձավ NEWS.am STYLE-ի նոր ֆոտոշարքի թեման, որն, իհարկե, չէինք կարող չիրականացնել առանց Աննայի հավատարիմ ընկերոջ՝ Grom-ի:
Դերասանուհու հետ նաեւ զրուցեցինք իր նախասիրության եւ ստեղծագործական նորությունների մասին:
«Ձիերի հանդեպ սերս մանկուց է եկել: Միշտ շատ եմ սիրել ձիերին եւ մի գեղեցիկ օր որոշեցի ուժերս հավաքել եւ վերջապես տիրապետել ձիավարությանը»,-ասում է Աննան՝ տեղեկացնելով նաեւ, որ իր եւ Grom-ի ծանոթությունը շատ հետաքրքիր է եղել.
«Սկզբում վախ կար, քանի որ, ամեն դեպքում, կենդանի է եւ կարող էր պատահաբար վնասել ինձ: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ձիերը, ինչպես շները, շատ հավատարիմ են. եթե սիրեց քեզ, ուրեմն մինչեւ վերջ կպահի իր մեջքին: Նրանք նաեւ շատ խորամանկ ու զգայուն են: Եթե հասկանա, որ վախենում ես իրենից, ապա կսկսի իր կամքը թելադրել: Այնպես որ՝ գլխավոր նախապայմաններից մեկը վախը հաղթահարելն է»:
Աննան ձիավարությամբ սկսել է զբաղվել մոտ 1 տարի առաջ: Այս փուլում դերասանուհին դադար է վերցրել, քանի որ զբաղված է նկարահանումներով, սակայն խոստովանում է.
«Անկեղծ ասած՝ այս նկարահանումներից հետո կրկին ցանկություն առաջացավ զբաղվելու ձիավարությամբ: Անպայման սկսելու եմ կանոնավոր հաճախել դասընթացներին»:
Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե էլ ինչ չբացահայտված հոբբիներ ունի.
«Շատ եմ սիրում հրաձգային սպորտը, սակայն երբեք չեմ զբաղվել դրանով: Հուսով եմ՝ մի օր էլ դա կկարողանամ իրականացնել»,-ասում է Աննան՝ հավելելով. «Կյանքում վստահ ինձ կարող եմ համարձակ համարել»:
Ինչ վերաբերվում է ստեղծագործական նորություններին՝ Աննան նշում է.
«Դեռ չունեմ այնպիսի առաջարկ, որը կարող եմ ընդունել: Սպասում եմ նոր եւ հետաքրքիր առաջարկների»:
Ժամանակին Աննային ասոցացնում էին «Որբերը» հեռուստասերիալի իր հերոսուհու հետ եւ հաճախ իրական կյանքում էլ էին Անի անվանում. արդյոք այժմ Անին դարձե՞լ է Մայա: Հարցին ի պատասխան՝ դերասանուհին նշեց.
«Չեմ կարող ասել՝ Անին զիջել է իր դիրքերը, թե ոչ: Այժմ ինձ երկու անուններով էլ դիմում են, բայց, անկեղծ ասած, հիմա Աննան ավելի է գերակշռում, քան Անին եւ Մայան»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Դիմահարդար՝ Զառա Ղազարյան
Վարսահարդար՝ Դիանա Գեւորգյան (Maria Beauty Center)
Նկարահանումն իրականացվել է «Միրաժ» ձիավարությունների ակումբում