Տոտտիին դուր չի եկել Ռոմայի մարզական տնօրենի հայտարարությունն իր ապագայի վերաբերյալ
СПОРТ«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտին գոհ չի մնացել այն բանից, որ ակումբի մարզական տնօրեն Մոնչին լրատվամիջոցներին հայտնել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր՝ կարիերան ավարտելու որոշման մասին:
«Marca»-ն հայտնում է, որ Տոտին կցանկանար անձամբ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, և սա կոնֆլիկտի պատճառ է դարձել ֆուտբոլիստի և մարզական տնօրենի միջև:
Ավելի վաղ, Տոտտիին հարցրել էին Մոնչիի հայտարարության մասին, սակայն վերջինս հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ.
«Ամեն ինչ կիմանաք մրցաշրջանի ավարտին»,- ասել էր ֆուտբոլիստը:
48-ամյա Մոնչին ապրիլի վերջին է դարձել «Ռոմայի» մարզական տնօրենը՝ հռոմեացիների հետ 4+1 ձևաչափով պայմանագիր կնքելով: Օրերս նա հայտնել էր, որ 40-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան և կդառնա «Ռոմայի» տնօրենը:
Հիշեցնենք՝ Տոտտին «Ռոմայի» սան է, որի կազմում հանդես է գալիս 1993 թվականից: Նա հռոմեացիների կազմում 782 հանդիպման է մասնակցել, դարձել է 306 գոլի և 123 գոլային փոխանցման հեղինակ:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իր վերջին հանդիպումը «Ռոման» կանցկացնի մայիսի 28-ին՝ մրցելով «Ջենոայի» հետ: