Ըմբշամարտի ԵԱ. Չալյանն ու Մանուկյանը քառորդ եզրափակչում են
СПОРТՍերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը, որը մեկնարկային գոտեմարտում 6-2 հաշվով հաղթել էր Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսին, 1/8 եզրափակչում հանդիպեց Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Քուշի հետ ու հաղթեց 2-1 հաշվով:
Տեղեկացնենք, որ մրցաշարի 1/4 եզրափակչում հայ ըմբիշը կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցիչ Տոմաշ Լորինցի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, որը որակավորման փուլում 2-1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Կոբիաշվիլիին, 1/8 եզրափակչում 2-0 հաշվով առավելության է հասել սերբ Դեյան Ֆրանկյովիչի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ռամսին Ազիզսիրին:
Իսկ 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հանդիպել է ուկրաինացի Դմիտրո Պիշկովին ու պարտվել է 1-2 հաշվով:
Հայ ըմբիշը կկարողանա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, միայն այն դեպքում, եթե Պիշկովը հասնի մինչև եզրափակիչ: