Այսօրվա խաղաղության գինը շատ թանկ է, այն պահպանել է պետք․ Նունե Եսայան
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
«Անաղմուկ ու խաղաղ երկիր եմ մաղթում մեզ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում եռատոնի կապակցությամբ հայ ժողովրդին իր բարեմաղթանքը հղեց ՀՀ Վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը:
Երգչուհին հաղթանակների օրը պարզ ու կարեւոր ցանկություններում է տեսնում` ժողովրդի երջանկությունը.
«Այսօր բոլորիս մեկ ցանկություն է միավորում` թող, որ մեր երկինքը խաղաղ լինի, թող հողն ամուր լինի: Հայը ինքնանպատակ չի ուզում մարդու սպանել, մարդը երբեք չի վնասի դիմացինին, եթե իրեն չվնասեն, դա գոյատեւման օրենքն է: Իսկապես այսօրվա խաղաղության գինը շատ թանկ է, այն պահպանել է պետք»,- նշեց Նունե Եսայանը եւ հիշեց, թե ինչպես էր 90-ականներին ելույթ ունենում առաջնագծում կռիվ տվող զինվորների համար.
«1994-95 թվականներին ես մեծ հաճույքով ու հպարտությամբ, նաեւ վախով ելույթ էի ունենում Արցախում: Այն ժամանակ ճանապարհները դեռ մինապատված էին եւ, ամեն անգամ այդ հատվածով անցնելիս, սարսափելի վախ էի զգում, թեեւ մեզ տանում էին հատուկ մեքենաներով: Ամեն դեպքում, վախը ոչ մի անգամ ինձ հետ չի պահել, քանի որ մեր զինվորների հետ հրաշալի օրեր ենք ունեցել: Այսօր` տարիներ անց, հաճախ է պատահում, երբ այն ժամանակվա զինվորներին եմ պատահաբար հանդիպում, այդ հանդիպումները հաճելի հիշողություններ են արթնացնում: Հիշում եմ այն տարիներն ու ավելի մեծ հպարտություն եմ զգում, քանի որ նրանց շնորհիվ այսօր մեր երեխաներն են մեծանում անամպ երկնքի տակ»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի գեղեցիկ ընտանիքում եւս հայ զինվոր է մեծանում` Հենրին, հետաքրքրվելով, թե ծնողները որդու դաստաիարակության հարցում ի՞նչն են ամենաշատը կարեւորում, պատասխանեց.
«Ես մայր եմ, բնությունով ես անհանգիստ եմ, նրան անդադար հորդորում եմ զգույշ լինել, պաշտպանվել, իսկ նրա մեջ մարտական ոգու արթնացման հարցով Ավոն է զբաղվում, դա տղամարդկային զրույց է»:
Անուշիկ Մելքոնյան