Մյուս տարիների համեմատությամբ նա համարձակ ու շատ լավ երգ է ներկայացնում. Արթուր Իսպիրյանը՝ «Եվրատեսիլ 2017»-ում հայաստանյան ներկայացուցչի մասին
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
«Եվրատեսիլ 2017»-ի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ երեկ, որի ժամանակ Հայաստանը ներկայացնող Արծվիկը անթերի ներկայացրեց «Fly With Me» երգը: Ըստ եվրոպական կայքերում տեղ գտած մեկնաբանությունների՝ Արծվիկի երգը շատերին է հետաքրքրել, ինչն էլ ավելի է ոգեւորում ու առաջատար հորիզոնականներ գրավելու հույսեր ներշնչում:
Life.panorama.am-ը Արծվիկի եւ եվրատեսիլյան բեմում նրա ելույթի մասին խոսել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ: Նա շատ բարձր է գնահատում Արծվիկի տվյալները.
«Մենք արդեն սովորել ենք, որ ամեն տարի այս մրցույթի շրջանակներում հայերս պարտադիր մի պոչ կպցնելու ենք, պարտադիր քննադատելու եւ թերություններ ենք գտնելու, բայց պետք է ասեմ, որ շատ եմ հավանում «Fly With Me» երգը, իսկ Արծվիկն էլ բավականին լավ տվյալներ ունի: Այս երգչուհին յուրահատկություն, հատուկ տեսակ ունի իր մեջ, որը անմիջապես տպավորվում է: Գիտեմ, որ այս երգը քննադատվեց մինչեւ եվրատեսիլայն բեմ հասնելը, բայց, ըստ իս, այն շատ հետաքրքիր ստեղծագործություն է: Պարտադիր չէ, որ երգը ունենա տներ ու կրկներգ, ինքս էլ բազմաթիվ երգեր ունեմ, որոնք ավանդական ձեւ չունեցող երգեր են»,- նշեց Արթուր Իսպիրյանը:
Երգիչը դժվարացավ կանխատեսումներ անել, թե ո՞ր երկիրը հաղթող կճանաչվի.
«Այս մրցույթի շրջանակում երբեք չես կարող կանխատեսումներ անել: Ինքս իմ փորձով համոզվել եմ, որ այն կատարումները, որոնք համահունչ են իմ երաժշտական ճաշակին, սովորաբար դուրս են մնում եզրափակչից: Ես ավելի շատ երգին, կատարումին ու երգի հարմոնիային եմ ուշադրություն դարձնում, ինձ համար կարեւոր չէ, որ երգիչը շատ բարձր երգի, թեեւ հիմա ընդունված է երգչի ձայնը գնահատել ըստ նրա բարձր նոտայի: «Եվրատեսիլն» ինձ համար ավելի շատ «Եվրատեքստիլ» է, այստեղ հագուստն ու շոուն ավելի շատ է գնահատվում, քան հենց երգը»,- հավելեց նա:
Զրույցի ընթացքում Արթուր Իսպիրյանը կարեւորեց.
«Անցյալ տարի, երբ այս մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Իվետա Մուկուչյանը, նրա մեջ բացի լավ վոկալային տվյալները, ինձ դուր եկավ նաեւ համարձակությունը: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե Արծվիկը ինչպես է մեր երկիրը ներկայացնում եվրատեսիլյան ասուլիսներում, հարցազրույցներում, չգիտեմ, նրա անգլերենի իմացությունը ինչ հարթության վրա է, բայց կցանկանայի, որ նա Իվետայի նման բանիմաց եւ համարձակ կարողանար հանդիպումների ժամանակ հանդես գալ: Այս մրցույթը միայն երգի մրցույթ չէ, պետք է կարողանալ նաեւ երկիր ներկայացնել: Կրկնվեմ՝ Արծվիկի խոսքի ունակութոյւններին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ նա կարող է դա լավագույնս անել, ի վերջո, մյուս տարիների համեմատությամբ, նա համարձակ ու շատ լավ երգ է ներկայացնում»,- ավարտեց երգիչը:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան