Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն
ФОТОԵրևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքների նախապատրաստական փուլի ընթացքին: Քաղաքապետը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի ներկրված շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլներն արդեն իսկ սկսել են տեղափոխվել սիզամարգեր: Նշվել է նաև, որ բացի քաղաքային ջերմատանը եղած ծաղիկներից, նաև վարչական շրջաններն իրենց ջերմոցներում և բաց գրունտներում աճեցնում են ծաղիկներ և շուրջ 1 մլն ծաղկասածիլներ էլ վարչական շրջանների ջերմոցներից են տեղափոխվում սիզամարգեր: Դեռևս նախորդ տարվանից էլ շուրջ 250 հազար խորդենի տեսակի ծաղիկներ տեղափոխվել էին ձմեռանոց, որոնք ևս արդեն զարդարում են մայրաքաղաքի կանաչ գոտիները: Ծաղկապատման ընթացիկ տարվա աշխատանքների մասով նաև զեկուցվել է, որ այս տարի կծաղկապատվի ընդհանուրը 8 հա տարածք, մինչդեռ 2012թ. այդ թիվը կազմում էր 5,8 հա:
Առանձնակի կարևորելով մայրաքաղաքի ինչպես ծաղկապատ, այնպես էլ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների տարեցտարի ընդլայնումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել կանաչ գոտիների խնամքի պահպանման ուղղությամբ:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվել, ինչի արդյունքում անցած շուրջ 5 տարիների ընթացքում բարեկարգվել ու ստեղծվել է 16 զբոսայգի, իսկ ոռոգելի տարածքներում էլ յուրաքանչյուր տարի միջինը 50 հազար ծառ և թուփ է տնկվել: Կանաչ տարածքների ընդլայնման նպատակով էլ յուրաքանչյուր տարի մոտ 20 կիլոմետրով ավելացվում է մայրաքաղաքի ոռոգման ցանցը:
Երևանի կանաչ տարածքների ընդլայնման համատեքստում մայրաքաղաքի որոշակի հատվածներում բուֆերային գոտիների վերականգնման և ընդլայնման ծրագրի շրջանակում վերջին մի քանի տարիներին լայնածավալ ծառատունկեր են իրականացվում Փարոսի, Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի, Կարմիր բլուրի, Հաղթանակի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիների, Նոր Նորքի Հայորդաց տան, ինչպես նաև Շամպայն-գինիների գործարանին հարող անտառ-պուրակներում, նաև Արգավանդի խճուղուն և Դավթաշենի կամրջին հարող տարածքներում: Նշված բուֆերային գոտիները մայրաքաղաքի համար կծառայեն թե՛ որպես թթվածին ապահովող և թե՛ որպես փոշեկլանիչ ու քամիները մեղմող գոտիներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն