Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում աճել են 7,9 տոկոսով
ЭКОНОМИКАՀայաստանի պետական բյուջեի եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.9 տոկոսով կամ շուրջ 19.9 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, պետական բյուջեի եկամուտների 94.5 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, շուրջ 4.7 տոկոսը` այլ եկամուտների, իսկ 0.8 տոկոսը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 255.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր` 4.2%-ով գերազանցելով եռամսյակային ծրագիրը: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 10.6%‑ով կամ շուրջ 24.5 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների,եկամտային հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: