«Դու միակն ես». ԱՄՆ-ի դպրոցներից մեկի տարածքում ներկված քարերով «կյանքի ուղի» է անցկացվել (լուսանկարներ)
ФОТОԲոլորս գիտենք, որ դպրոցում սովորելը չպետք է սահմանափակվի դասագրքեր կարդալով և տնային առաջադրանքներ անելով: Իհարկե, այս ամենը կազմում է ուսումնական գործընթացի կարևոր մասը, սակայն կան նաև այլ առաջադրանքներ. երեխաները պետք է նախապատրաստվեն կյանքի դժվարություններին և կարողանան լուծել տարբեր կենսական խնդիրներ:
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Նյուբերգ քաղաքի տարրական դպրոցներից մեկում դասավանդող արվեստի ուսուցիչ Ջեսիքա Մոյեսը յուրահատուկ ձևով է մոտեցել այս հարցին. ոգևորվելով ամերիկացի գրող Լինդա Կրանցի Only One You («Դու միակն ես») գրքից՝ կինը հզոր ուղերձ է հղել ոչ միայն դպրոցականներին, այլ նաև իր նախագծով հետաքրքրվող բոլոր մարդկանց:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ գրքի գլխավոր հերոսն Ադրի անունով փոքրիկ ձուկն է, որը պատրաստվում է ինքնուրույն հետազոտել հսկայական օվկիանոսը: Ձկան ծնողները խորհուրդ են տալիս «Միշտ նոր ընկերներ փնտրել և ցանկացած իրավիճակում շարժվել իր ընտրած ճանապարհով»: Գրքի հիմնական գաղափարն այն է, որ բոլորը բացառիկ են։ «Այս մեծ աշխարհում դու միակն ես: Բարելավիր այս աշխարհը», - ասվում է գրքում:
Նշվում է, որ Մոյեսը կարդացել է գիրքն իր աշակերտների համար, այնուհետև երեխաները մեկական քար են ներկել՝ ոգեշնչվելով գրքի հերոսով:
Ուսուցչուհու խոսքով՝ դպրոցի տարածքում մոտ 740 ներկված քար կա. երեխաները դասավորել են դրանք ոլորուն արահետի տեսքով անցկացված ուղու վրա, որը խորհրդանշում է կյանքի ուղին: Նախագծի միջոցով մանկավարժը գտել է ստեղծարարությունը գրականության հետ համադրելու, ինչպես նաև՝ արվեստի գործեր ստեղծելու միջոց, որի շնորհիվ երեխաները սովորել են հավատարիմ մնալ իրենց: