Եկատերինբուրգում կորած շան տերերը 7 տարի անց գտել են նրան ականջին արված նշանի միջոցով (լուսանկարներ)
ФОТОՌԴ Եկատերինբուրգ քաղաքում միջադեպ է տեղի ունեցել, որը հուզել է ոչ միայն քաղաքի բնակիչներին, այլ նաև դրա մասին իմացած համացանցի օգտատերերին: Ռեքս անունով գերմանական հովվաշունը կորել է, իսկ 7 տարի անց կենդանու տերերը ճանաչել են նրան ականջի դրոշմի միջոցով, և կենդանին վերադարձել է տուն:
Kp.ru-ն գրում է, որ Նատալիան և նրա որդի Կոնստանտինը վերցրել են շանը, երբ նա դեռ մեկ ամսական է եղել: Շունը դարձել է ընտանիքի իսկական անդամ. նա շատ հավատարիմ և նվիրված ընկեր է եղել:
«Այսպես էր մինչև այն պահը, երբ նա անհետացավ: Ամենայն հավանականությամբ, նրան առևանգել էին. Ռեքսը ցեղական շուն է: Մենք հայտարարություններ ենք տվել Ռեքսի անհետանալու մասին համացանցում, թերթերում, ռադիոյով և նույնիսկ հեռուստատեսությամբ, սակայն ինքներս էլ ենք փնտրել նրան», - պատմել է Նատալիան:
Կնոջ խոսքով՝ որոնումները չեն պսակվել հաջողությամբ, և իրենք որոշել են նոր շուն չվերցնել: Յոթ տարի անց անծանոթ մի կին թակել է ընտանիքի դուռն ու հայտնել, որ շունը գտնվել է:
Բանն այն է, որ շունը հայտնաբերվել է ընտանիքի տնից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա. որոշ ժամանակ նա ապրել է մթերային խանութի մոտ, որտեղ նրան կերակրել են անցորդները: Ոչ ոք չի իմացել՝ ինչպես է շունը հայտնվել այնտեղ: Ժամանակի ընթացքում շան առողջական վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է կենդանիների ապաստարան:
«Շատ խելոք և հանգիստ շուն է: Գտնելուց հետո տարա տուն, կերակրեցի և սկսեցի զննել նրան՝ փորձելով պարզել՝ արդյոք նա վերքեր ունի: Այդ պահին դրոշմ հայտնաբերեցի նրա ականջի վրա. այս նշանները դրվում են բոլոր ցեղական շների վրա», - պատմել է ապաստարանի տեր Մարինան:
Մարինան պատմել է, որ հենց այս դրոշմի շնորհիվ ինքը գտել է գործակալությունը, որի միջոցով վաճառվել է շունը:
«Զանգահարեցի գործակալություն և պարզեցի շան տերերի հասցեն: Գնացի նրանց մոտ, և բացատրեցի, որ գտել եմ շանը: Տան տիրուհին միանգամից հաստատեց, որ իր շունը տարիներ առաջ կորել է», - ասել է Մարինան:
Նշվում է, որ դրանից հետո Ռեքսը վերադարձվել է ընտանիք, և այդ օրը՝ մայիսի ութը, ճանաչվել է նրա երկրորդ ծննդյան տոն: