Life.panorama.am-ը գրում է.
Այսօր սիրված դերասան Արմեն Խոստիկյանը կդառնար 88 տարեկան: ՀՀ Ժողովրդական արտիստին շատերս ենք հիշում «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Հարսնացուն Ջերմուկից», «Մեր բակը» եւ այլ ֆիլմերից ու մանրապատումներից, որոնցում դերասանն իրեն հատուկ ժեստերով ու հումորի զգացումով տպավորվել ու սիրվել է հանրությւան կողմից:
Մեծն դերասանի մասին հուշերով Life.panorama.am-ի հետ կիսվել է ՀՀ Մշակույթի Վաստակավոր գործիչ, Ժուռնալիստների միության անդամ, հաղորդավարուհի Զառա Արամյանը, ով «Մեր բակը» ֆիլմում մարմնավորում էր Արմեն Խոստիկյանի կնոջ կերպարը: Նրանց զույգը յուրահատուկ երանգ էր հաղորդում «Մեր բակին», որի շնորհիվ, այդ ֆիլմն առանց նրանց պատկերացնելն անհնար է:
«Նախ պետք է ասեմ շնորհակալ եմ իմ ճակատագրին, որ չլինելով դերասանուհի, իմ կյանքում կան էջեր, որոնց շնորհիվ շփվել եմ երջանկահիշատակ Արմեն Միսակովիչ Խոստիկյանի հետ: Պարզ, միամիտ, մաքուր, տաղանդի օվկիանոս, համով մարդ, այսպես կարող եմ իրեն բնորոշել: Երբ մենք նկարահանվում էինք «Մեր բակ»-ում, նա արդեն իսկ հիվանդ էր, ուներ շաքար, հիշողության հետ կապված խնդիրներ, որի պատճառով նկարահանման ընթացքում շատ զավեշտալի իրավիճակներում էինք հայտնվում: Օրինակ` շատերը կհիշեն «Մեր բակ»-ում հարսանիքի ժամանակ նրա` ճառի տեսարանը: Այդ պահը նկարահանելու համար 27 դուբլ պահանջվեց, վատառողջ լինելու պատճառով նա չէր հիշում իր խոսքերը, եւ ես ստիպված կողքից սկսեցի հուշել: Հենց այդպես էլ նկարահանվեց այդ տեսարանը: Էլ չասեմ մեր անկողնային տեսարանը, երբ ռեժիսորը` Միքայել Դովլաթյանը, կողքի սենյակից բարձրախոսով հուշում էր, որ պետք է հաշվենք երեքն ու սկսենք: Այդ պահին մինչեւ երեքը հաշվելուց հետո առաջինը պետք է սկսեր Արմեն Խոստիկյանը, սակայն մի քանի վայրկյան անց հասկացանք, որ ձայն չկա: Այդ պահին զգուշորեն, աչքի տակով նայեցի իրեն ու տեսա, որ արդեն խռմփացնում է. իրականում քնել էր, ես էլ զգուշորեն վերմակի տակից ուժեղ հրեցի նրա ոտքին, նա էլ միանգամից արթնացավ ու սկսեց իր խոսքն ասել: Հավատացեք, ողջ կյանքս չեմ մոռանա նրա հետ ունեցածս նկարահանման օրերը»,- հուզված, բայց ժպիտով պատմեց Զառա Արամյանը:
Մեզ հետ զրույցում «Մեր բակի» հայտնի հերոսուհին հիշեց նաեւ.
«Ինձ համասր մեծ պատասխանատվություն էր, երբ ինձ զանգեց Արմեն Խոստիկյանի կինն ու ասաց` «Զառա ջան, դու Արմենի էկրանային կինն ես, ես կյանքի կինն եմ: Նկարահանումների ընթացքում չմոռանաս դեղերի ժամերին նրան հիշեցնել, որ պետք է այս կամ այն դեղը խմի, պետք է ուշադիր լինես նրա նկատմամբ ու հոգ տանես նրա մասին», դե իսկ ես էլ մեծ պատասխանատվությամբ ու սիրով հետեւում էի նրա խնամքին: Զավեշտալին այնն էր նաեւ, որ Արմեն Խոստիկյանն ինձ ասում էր Իդեն ջան` նմանեցնելով այն ժամանակ հեռարձակվող «Սանտա Բարբարայի» հերուսուհիներից մեկին, ինձ միշտ ասում էր «Դու իմ Իդենն ես»:
«Ես հպարտ եմ, որ իր հետ պատիվ եմ ունեցել նկարահանվելու: Նա ֆանտաստիկ տաղանդավոր մարդ էր, նրա իմպրովիզները երբեք չեմ մոռանա: Նրանից միշտ կարելի էր սովորել: Վստահ եմ, եթե այսօր ողջ լիներ, կկարողանար նույն կերպ արդի հումորի վարպետ լինել: Առանց չափազանցնելու, ազնվությամբ իսկապես շատ եմ կարոտում նրան, այսօր մեզանում շատ է պակասում նրա տեսակը»,- ավարտեց ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչը: