Հայաստանն ու Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ
ЭКОНОМИКАԻրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործարարների և ներդրողների շահերի պաշտպանության նպատակով կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի հանդիպման շրջանակներում Հայաստանում Իրանի արտակա րգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը խնդրեց ՀՀ գյուղնախարարին` ստեղծել աշխատանքային խումբ, որը կապի մեջ կլինի Իրանի դեսպանատան հետ և դրա միջոցով հնարավոր կլինի աջակցել իրանցի և հայ ներդրողներին:
«Այսօր նկատեցի, որ իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանով և ներկա են գտնվում նախարարների հանդիպմանը: Եթե դյուրացնենք բոլոր պայմանները և խնդիրները երկու երկրների գործարարների համար, ապա այն կնպաստի, որպեսզի հետագայում ավելի շատ գործարարներ Հայաստան այցելեն և իրենց գործունեությունն այստեղ ծավալեն: Այդպիսով կկարողանանք երկուստեք զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները»,- ասաց դեսպանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին իրենց աջակցությունը հայտնեցին աշխատանքային խմբի ստեղծմանը:
«Անպայման կստեղծենք աշխատանքային խումբը»,- ասաց Իգնատի Առաքելյանը: