Լուիս Էնրիկե. Իմ հեռանալն անհրաժաշտ է ինչպես ինձ, այնպես էլ «Բարսելոնային»
СПОРТ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Լուիս Էնրիկեն ֆուտբոլի Իսպանիայի գավաթը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով: Իսպանացի մասնագետի վերջին խաղում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթել էր «Ալավեսին» ու ռեկորդային 28-րդ անգամ դարձել Իսպանիայի գավաթակիր:
«Եզրափակիչում միշտ կարող է տեղի ունենալ ամեն բան: Մենք հրաշալի կերպով ավարտեցինք մրցաշրջանը, եւ այս հաղթանակը ցանկանում ենք նվիրել մեր երկրպագուներին, որոնք հերթական անգամ ցույց տվեցին հիանալի աջակցություն: «Բարսելոնայից» հեռանալու առթիվ ինձ վատ չեմ զգում: Կարծում եմ՝ դա անհրաժաշտ է ինչպես ինձ, այնպես էլ ակումբին: Այս ֆուտբոլիստներն ունեն նոր խթանների կարիք: Նոր գլխավոր մարզիչին ու ակումբին մաղթում եմ հաջողություն: Ինչ վերաբերում է իմ ապագային, դեռ չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու:
Մեսին այլմոլորակային է այդ բառի բոլոր իմաստներով: Իմ բախտը բերել է, որ այդպիսի ֆուտբոլիստի եմ մարզում նրա կարիերայի լավագույն տարիներին: Կասկած չկա, որ Լեոն համար առաջինն է»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա մայիսի 29-ին, երբ տեղի կունենա ակումբի տնօրենների խորհրդի նիստը: Իսպանական մամուլի համաձայն՝ «Բարսելոնան» գլխավորելու է իսպանացի մասնագետ Էռնեստո Վալվերդեն, որն օրեր առաջ հայտարարել էր Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալու մասին: