Հայ ծանրորդներն ավարտեցին ելույթները մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
СПОРТԼիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտվեց մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի 10 ծանրորդներից յոթին հաջողվեց բարձրանալ պատվո պատվանդան: Չեմպիոններ դարձան պարմանուհիների մինչև 20 տարեկանների պայքարին մասնակցած, երևանցի ծանրորդուհի Իզաբելա Յայլյանը և մինչև 20 տարեկանների պայքարում 94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Սամվել Գասպարյանը (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան):
Արծաթե մեդալակիրներ դարձան «Հայաստան» ՄԸ Ավանի մասնաճյուղը ներկայացնող Հրանտ Տոնոյանի սան Սմբատ Մարգարյանը, (56 կգ, մինչև 23 տարեկաններ), Կարուշ Ղուկասյանն (94 կգ, մինչև 20 տ, Գյումրու քաղաքապետարանի Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վահան Բիչախչյան) ու Սոնա Պողոսյանը (69 կգ, մինչև 20 տարեկաններ, Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արման Ղազարյան):
Բրոնզե պարգևների արժանացան մինչև 20 տարեկանների պայքարում հանդես եկած 56 կգ քաշային Մարզպետ Մինասյանն ու 77 կգ քաշային Նորայր Ավետիսյանը:
Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է Ծանրամարտի ֆեդերացիան, եղել են նաև առանձին ձևերի մեդալներ: Մասնավորապես, 56 կգ քաշային, մինչև 20 տարեկանների պայքարում մասնակցած Դավիթ Դավայանը արժանացել է հրում վարժության բրոնզե մեդալի, իսկ երկամարտում գրավել է չորրորդ տեղը՝ բրոնզե մեդալը զիջելով Մարզպետ Մինասյանին:
Կլայպեդայում հայ մարզիկների մասնակցությամբ կայացել է նաև չեմպիոնական պայքար. 94 կգ քաշային գյումրեցի Կարուշ Ղուկասյանը ընդամենը անձնական քաշով մի փոքր ծանր լինելու պատճառով ոսկե մեդալը զիջել է իր համաքաղաքացի Սամվել Գասպարյանին: