Մեկնարկեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը
СПОРТԲելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին տուրը: Մրցաշարի առաջին տուրում գրանցվեցին մի շարք անակնկալներ. առաջնության առաջին և երկրորդ դասակարգված շախմատիստները՝ Դավիդ Նավարան և Դմիտրի Անդրեյկինը, չկարողացան հաղթել իրենց մրցակիցներին, իսկ Ուկրաինան ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Անտոն Կորոբովը պարտվեց իտալացի միջազգային վարպետ Պիեռ Լուիջի Բասսոյին:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տուրում հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գևորգ Հարությունյանը:
Մրցաշարի առաջին տուրում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը ոչ-ոքի խաղացին իրենցից շուրջ 250 կետ բարձր գործակիցներ ունեցող գրոսմայստերների՝ Դուդա Յան Քշիշտոֆի և Գրիգորի Օպարինի հետ:
Մրցաշարը ոչ-ոքի արդյունքով սկսեց նաև Գաբրիել Սարգսյանը:
Եվրոպայի առաջնության առաջին տուրում անակնկալ պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը:
Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն -2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի եվրոպական միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:
Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 30-ից հունիսի 3-ը և հունիսի 5-10-ը: Հունիսի 4-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:30-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 12:00-ին: