Հառիճում հողին են հանձնել զորամասում կախված հայտնաբերված ենթասպային
ОБЩЕСТВОՇիրակի մարզի Հառիճ գյուղում այսօր` հունիսի 4-ին, հուղարկավորել են զորամասում կախված հայտնաբերված պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանին: NEWS.am-ին Հառիճի գյուղապետարանից հայտնեցին, որ զինծառայողին հողին են հանձնել գյուղի գերեզմանատանը:
Ենթասպայի հուղարկավորությանը ներկա են եղել ծառայակից ընկերներն ու ԶՈւ բարձրաստիճան սպաներ:
Նշենքն, որ Մելիք Խաչատրյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ինքնասպանության հասցնելը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 15:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա 36-ամյա Մելիք Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ նամակ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Մելիք Խաչատրյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։
Մահացած հայտնաբերված զինծառայողը Շիրակի մարզի Հառիճ համայնքից էր, տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էր Էջմիածին: 36-ամյա պայմանագրային զինծառայողն ամուսնացած էր, ունի մանկահասակ երեխա:



