Գավառի մարզադպրոցի տնօրենը Եվրոպայի առաջնությունից տուն է վերադարձել ոսկե մեդալով
СПОРТԳավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանը Ուկրաինայի Լուցկ քաղաքում վերջերս անցկացված Եվրոպայի ուժային եռամարտի բաց առաջնությունից տուն է վերադարձել չեմպիոնական ոսկե մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, առաջնությանը մասնակցել է Հայաստանի հավաքական թիմը, որի մեծահասակների կազմում ընդգրկված է եղել Գավառի մարզադպրոցի տնօրենը: Առաջնությանը նա հանդես է եկել պառկած դիրքից սեղմում, կքանստում եւ ձգում վարժություններով՝ գրանցելով գերազանց արդյունքներ եւ դառնալով Եվրոպայի չեմպիոն: «Չեմպիոնին Գավառ քաղաքում դիմավորեցին մեծ խանդավառությամբ: Քաղաքի մուտքի մոտ նրան սպասում էին հարազատ դպրոցի աշխատակազմն ու սաները, ծանոթները, ընկերներն ու բարեկամները: Գավառ քաղաքի մարզական կյանքում սա աննախադեպ երևույթ էր. Դավիթ Ասոյանը առաջին եվրոպային չեմպիոնը դարձավ, ով լիահույս է, որ սա նախադեպ կդառնա, եւ արդեն իր դպրոցի սաները միջազգային մրցասպարեզներում կփորձեն նվաճել նոր բարձունքներ»,- նշեց Գավառի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Ալվարդ Մանուկյանը: Դավիթ Ասոյանին ընդունեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Քաղաքապետը շնորհավորեց մարզիկին եւ պարգևատրեց պատվոգրով ու հուշանվերով: Հանդիպման ընթացքում մարզադպրոցի նորընծա չեմպիոն տնօրենը քաղաքապետին հավաստիացրեց, որ մարզադպրոցում տարվում են համապատասխան աշխատանքներ՝ մարզիկներին միջազգային մրցասպարեզներում ներկայացնելու նպատակով:
Խոսրով Խլղաթյան