Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվել է 17 միավոր տրակտոր
ЭКОНОМИКА«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում հունիսի 9-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 17 միավոր տրակտոր և 8 միավոր այլ գյուղտեխնիկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տրակտորի ձեռքբերման 13 հայտ հաստատված է, ևս 19 հայտ գտնվում է ուսումնասիրության փուլում: Բացի այդ, ուսումնասիրվում է երկու ընկերությունների կողմից ներկայացված մեքենա-տրակտորային կայանի ստեղծման ծրագրերը՝ 350 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:
Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից: