«Ընտրյալս իմ 12 տարվա ընկերներից է». դերասանուհի Ռուզաննա Հարությունյանը՝ հարսանիքի եւ Ֆրանսիա տեղափոխվելու մասին (ֆոտո)
ФОТО«Հանուն սիրո», «Անծանոթը» հեռուստասերիալներից ու «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմից հայտնի դերասանուհի-հաղորդավարուհի Ռուզաննա Հարությունյանն ամուսնացել է: Դերասանուհու եւ նրա ընտրյալի՝ Վահիկ Սահակյանի, հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին:
Ռուզաննան NEWS.am STYLE-ին պատմել է արարողության մանրամասների մասին, ինչպես նաեւ տրամադրել բացառիկ կադրեր իր հարսանյաց ֆոտոշարքից։
«Հարսանիքը որոշեցինք կազմակերպել հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Վահիկը կատակով ինձ ասում էր. «Դու իմ երեխան ես ու ես քեզ պիտի պաշտպանեմ» (ծիծաղում է,-խմբ.): Հարսնիքին ներկա էին միայն ամենամտերիմ մարդիկ։ Հայկական ավանդական ձեւաչափից մի փոքր շեղվել էինք։ Ամեն դեպքում, բոլորս գոհ էինք»,-ասում է Ռուզաննան՝ պատմելով նաեւ ամուսնու մասին.
«Ընտրյալս իմ 12 տարվա ընկերներից է, համակուրսեցին... տարիներն ու հեռավորությունն, իհարկե, որոշ ժամանակով մեզ բաժանել էին, բայց ամեն բան հաղթահարելի է, եթե կա ցանկություն»։
Այս պահին նորապսակները Ֆրանիայում են.
«Հարսանիքից հետո մեկնեցինք Ֆրանսիա, որտեղ էլ անցկացնելու ենք մեր համատեղ կյանքը։ Հիմա վայելում եմ Նիսի արեւն ու ծովը»,-ասում է Ռուզաննան՝ հավելելով, որ մեծ ցավոց է հրաժեշտ տվել «Բարեւ Երկիր» առավոտյան ծրագրին.
«Ամբողջ թիմն արդեն ընտանիք էր դարձել ինձ համար, կրկնակի ցավով հրաժեշտ տվեցի գործընկերոջս՝ Վրույր Թադեւոսյանին, ու հիմա մեծագույն խանդով հետեւելու եմ, թե ով է նստելու իմ տեղն ու վարելու եթերը (ծիծաղում է,-խմբ.)»։
Դերասանուհի-հաղորդավարուհին, սակայն, հույս հայտնց, որ ինչ որ մի օր կրկին կլինի հայկական եթերում.
«Հուսով եմ՝ դեռ առիթներ կունենամ եթերից ողջունելու իմ հեռուստադիտողներին։ Հայաստանում եղած ժամանակահատվածում հանդիսատեսի հետ շփվելու որեւէ առիթ բաց չեմ թողնի»,-խոստացավ նա:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է Ռուզաննային եւ Վահիկին՝ մաղթելով նրանց անսահման սեր ու երջանկություն:
Սյունե Առաքելյան
Լուսնկարները՝ Սարգիս Մկոյանի