Գյուղնախարարը չի բացառում այս տարի բարձր գնով խաղողի մթերումը
ЭКОНОМИКАՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տրամաբանական է համարում խաղողի մթերման գների ավելացումը, մասնավորապես գինու սորտերի համար՝ կապելով դա բերքի քչության և պահանջարկի ավելացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը դժվարացավ կանխատեսումներ անել կոնյակի համար մթերումների մասով: «Այն պարզ կլինի բերքի ստացումից հետո»,-նկատեց նախարարը:
Անդրադառնալով խաղողի մթերման պայմանագրերին, նախարարը նշեց, որ դրանք կարող են տևել մինչև սեպտեմբեր, ընդհուպ մինչև մթերման սկիզբ: «Հարկավոր է հասկանալ, որ ամեն մի գործարան պլանավորում է իր աշխատանքը: Նախատեսում ենք հանդիպել խաղող արտադրողների և մթերողների, ինչպես նաև այս երկու գործողությունները միասին իրականացնող ընկերությունների հետ: Կքննարկենք խնդիրները: Այժմ հաշվարկում ենք հնարավոր բերքատվությունը, թե որքան կլինի, քանի որ ներկայումս հնարավորություն կա նախնական գնահատական տալու: Դրանից հետո կդիտարկենք, թե մթերող ընկերությունները, որքան են պատրաստ մթերել և կդիմենք նրանց գյուղացիների հետ պայմանագրեր կնքելու համար, որպեսզի գյուղացին հանգիստ լինի իր բերքի համար: Դրանով նաև մենք կհասկանանք, թե որքան ծավալով խաղող է մնում դաշտից դուրս, որպեսզի կարողանանք վերջում դրանք էլ մթերել: Չեմ կարծում, որ մեծ խնդիրներ կունենանք խաղողի մթերման հետ կապված»,- ասաց Առաքելյանը: