Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փեյնթբոլի մրցաշար ՏՏ ընկերությունների միջև
ОБЩЕСТВО: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) և ԼԵԳԵՈՆ փեյնթբոլի ակումբն առաջին անգամ կազմակերպում են ՏՏ ընկերությունների միջև փեյնթբոլի սիրողական մրցաշար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցաշարը կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին Սևանա լճի ափին՝ «Լեգիոն» փեյնթբոլի ակումբի տարածքում: Մրցաշարին մասնակցելու հնարավորություն ունեն ՏՏ ոլորտի ընկերությունները, յուրաքանչյուր թիմում՝ մինչև 8 հոգի, թիմերի առավելագույն քանակը՝ 12:
«Փեյնթբոլի առաջնության նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար ստեղծել շփման ոչ ֆորմալ միջավայր, ինչը շատ դեպքերում հանգեցնում է նորանոր համագործակցությունների››,-տեղեկացրեց ԳՏԿ բիզնեսի զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը: Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետները, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ: Խաղացողների հետ կանցկացվի նաև անվտանգության համապատասխան դասընթաց-հրահանգավորում: «Ուրախ եմ, որ նման միջոցառում է կազմակերպվում մեր երկրում, այն էլ Հայաստանի ինտելեկտուալ հատվածի շրջանակում: Մասնակիցները ոչ միայն կկարողանան շփվել, ծանոթանալ, համագործակցել, այլև ձեռք կբերեն ռազմական գիտելիքներ»,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը:
Խաղին մասնակցության հայտ արդեն ներկայացրել է մոտ 10 ընկերություն այդ թվում՝ VOLO, Skyline studio, EIF, Margasoft, Ֆայմթեք և այլն:



