Համաշխարհային շուկայում Հայաստանի տեղը բարձրարժեք գինիների շուկան է, թիրախում պետք է Եվրոպան լինի. Ավագ Հարությունյան
ЭКОНОМИКАՀայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Վրաստանի կողմից Չինաստանի և ԵՄ-ի գինիների շուկայում ունեցած առաջընթացը պայմանավորում է Վրաստանի անկախ քաղաքականությամբ:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Վրաստանը Չինաստանի հետ երկկողմանի համաձայնագրեր ունի, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ի շրջանակներում է և այդ պարագայում շատ դժվար է Չինաստանի հետ համաձայնագրի ստորագրմանը հասնել: «Որակի և քանակի խնդիր չկա, այստեղ կա պետական քաղաքականության խնդիր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Եվրամիության շուկային, նա ասաց. «Եվրոպական միությունը ևս Վրաստանին քարտ բլանշ է տվել և Վրաստանը շատ արտոնյալ վիճակում է: Վրաստանը ստորագրել է ասոցացման համաձայնագիրը, ինչը նրանց թույլ է տալու ավելի ազատ գործել, ավելի նպաստավոր դաշտ մտնել»:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շուկային, ՀԿ նախագահն ասաց, որ ԵԱՏՄ շուկան էժան ապրանքի շուկա է և այնտեղ մենք քանակի խնդիր ունենք: «Այնքան քանակ չունենք, որ այդ էժան շուկայում կարողանանք ապահովել: Հայաստանի տեղը համաշխարհային շուկայում բարձրարժեք գինիների շուկան է»,-ասաց նա և նշեց, որ մեր թիրախը պետք է Եվրոպական շուկան լինի:
Ավագ Հարությունյանը գտնում է, որ չի կարելի տնտեսական խնդիրները տարանջատել քաղաքական խնդիրներից, քանի որ դրանք փոխկապակցված են: Նա նշեց, որ գինու շուկայում միտումը դրական է և ակտիվ աճ է արձանագրվում: