Կարգին Հասոն այսօր կդառնար 37 տարեկան...
ФОТОՀայկական շոու բիզնեսի ամենավառ անհատականություններից մեկը՝ կյանքից անժամանակ հեռացած դերասանուհի և երգչուհի Հասմիկ Ղարիբյանն այսօր կդառնար 37 տարեկան, եթե չլիներ ճակատագրի դաժան խաղն ու նրան հասած անբուժելի հիվանդությունը: Կարգին Հասոն hայտնի է դարձել 2000-ականների սկզբին Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կարգին հաղորդման» մանրապատումներում նկարահանվելուց հետո, որտեղից էլ ստացել է իր Կարգին Հասո կեղծանունը։ Այնուհետև իր մասնակցությունն է ունեցել «7.5» և «No comment» ներկայացումներում, «Կարգին սերիալում», ինչպես նաև 2011 թվականին նկարահանվել է «Ալաբալանիցա» ֆիլմում։
2012 թվականին Հասմիկն ամուսնացել և տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, սակայն նրա ամենամեծ ցանկությունը՝ մայր դառնալն, այդպես էլ չիրականացավ, քանի որ շատ կարճ ժամանակ անց նրա մոտ հայտնաբերվում է քաղցկեղ, ու Հասմիկն անցնում է ինտենսիվ բուժման մի քանի ծանր կուրսեր: Երկար պայքարից հետո, սակայն, հիվանդությունը հաղթում է, և 2014 թվականի նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում Հասմիկը հեռանում է կյանքից: Նա ընդամենը 34 տարեկան էր:
Դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերը շարունակում են մնալ սիրված ու պարբերաբար ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Ու ամեն անգամ, երբ մենք էկրանին տեսնում ենք Հասմիկին, երբ նա մեզ ստիպում է ժպտալ, վերստին համոզվում ենք, որ անհնարին է մահը, քանզի կա հիշողությունը: