Հայ-տաջիկական գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 150 ընկերություն
ЭКОНОМИКАԱրտահանման շուկաների և բիզնես համագործակցության ընդլայնման նպատակով 100-ից ավելի հայկական ընկերություններ նախաձեռնություն են հայտնել մասնակցելու հայ-տաջիկական գործարար համաժողովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 14-ին համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Շատ ուրախ եմ, որ իմ գործընկերներն ակտիվ են և պատրաստ աշխատել տաջիկական շուկաների հետ: Հույս ունեմ, որ գործարարները համագործակցության եզրեր կգտնեն ոսկերչության, շինարարության, տեքստիլի և տրիկոտաժի ոլորտներում: Գործարար համայնքի հանդիպումներից հետո արդյունքներն ավելի պարզ կլինեն: Նման հարթակները ամենագործուն մեխանիզմներից են, որոնք կիրառելով նպաստում ենք կոնկրետ կապերի ձևավորմանը: Երբ տաջիկները նախագահի հետ են գալիս, նրանց վրա պարտավորություններն ավելի հստակ են դրվում»,- ասաց նա` հավելելով, որ հայերը պարտավոր են այդ շարժառիթն օգտագործել համագործակցությունը տնտեսության մեջ օգտագործելու համար: Ղազարյանը մաղթեց, որ գործարարները լինեն ավելի նախաձեռնող ու ակտիվ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ գործարար համաժողովին մասնակցում են 130 հայկական ընկերություններ, իսկ տաջիկական կողմից` 29: Նրա խոսքով` բացի ոսկերչության, շինարարության, տեքստիլի և տրիկոտաժի ոլորտներից գործարարների մոտ հետաքրքրություն կա նաև բանկային համակարգի և զբոսաշրջության ուղղություններով:
«Բավականին մեծ սպասելիքներ ունենք այս գործարար համաժողովից, քանի որ առաջինն է և ունի ճանաչողական բնույթ: Ընկերությունները կարող են երկուստեք համագործակցության եզրեր գտնել: Տաջիկստանի հետ առևտրաշրջանառության ներուժը շատ մեծ է, սակայն ներկայումս այն ցածր ծավալներով է իրականանում, իսկ համաժողովի նպատակներից մեկն էլ հենց առևտրաշրջանառության ծավալների բարձրացումն է»,- ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով` հայկական կողմից բավականին շատ ոսկերչական ընկերություններ են մասնակցում համաժողովին, իսկ համագործակցության հետագա հնարավորությունները պարզ կլինեն ավարտից հետո:
«Ալմանդին» ընկերության փոխտնօրեն Նարինե Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունը զբաղվում է ոսկյա զարդերի արտադրությամբ և վաճառքով: Նրա խոսքով` ընկերությունը հիմնականում արտահանում է իր արտադրանքը:
«Մենք գնում ենք թանկարժեք քարերի հումքը, պատրաստում ենք զարդեր և արտահանում: Համաժողովից ակնկալում ենք նոր արտահանման շուկա գտնել ի դեմս Տաջիկստանի: Ինչպես տաջիկ գործարարներն են նախանշել, պատրաստակամ են ոսկու հումքը տրամադրել, որպեսզի հայ ոսկերիչներն արտադրեն և արտահանեն, ինչը նշանակում է, որ Տաջիկստանի շուկան մեծ ներուժ ունի ոսկերչության ոլորտում»,- ասաց նա: