Արարատի գյուղերում ծիրանի բերքահավաք է. չնայած սակավությանը, բերքը մեծամասամբ արտահանվում է
ЭКОНОМИКАԱրարատի մարզի Սուրենավան, Արարատ և Արմաշ համայնքներում արդեն քանի օր է մեկնարկել են ծիրանի բերքահավաքի աշխատանքները: Չնայած կարկուտը չի վնասել համայնքների բերքը, բայց ցուրտ ձմեռվա հետևանքով ծիրանն ավելի մանր է և ծավալները նախորդ տարվա համեմատ ավելի քիչ են:
Սուրենավանի համայնքապետի տեղակալ Ռոբերտ Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այժմ ամբողջ գյուղում բերքահավաքի աշխատանքներ են, ամեն ինչ շատ նորմալ է ընթանում:
«Հավաքում ենք, նորմալ սպառում ենք, տեսնենք էլի: Մեր գյուղում կարկուտ, բարեբախտաբար, չի եղել, ուղղակի այս տարի մի քիչ մանր է ծիրանի բերքը: Եվ գներն են արագ իջնում, գյուղացիները չեն հասցնում հավաքել»,- նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ եթե երկու օր առաջ ծիրանի կիլոգրամը հանձնում էին 800 դրամով, ապա այսօր գները նվազել են մինչև 500 դրամ: Արտահանումն իրականացնողներին դեռ 700-800-դրամով են հանձնում:
Մկրտչյանը հայտնեց, որ անհատ ձեռներեցներին պատկանող բեռնատար մեքենաները գյուղում կանգնած են՝ պատրաստ արտահանումն ապահովելու: Ըստ նրա՝ մեծամասամբ գյուղացիները բերքը տալիս են արտահանման, տեղական շուկայում շատ քիչ է սպառվում:
«Ներքին շուկայում տնամերձ հողերի բերքով ոնց էլ լինի հասցնում են: Տնամերձ հողերի ծիրանը երկար ճանապարհ չի կարող անցնել, որովհետև պտուղը փափուկ է լինում: Իսկ դաշտինը արևը վառում է, ծիրանն ամրանում է և քաղցրանում: Դա արդեն լինում է երկար պահել»,- ընդգծեց նա:
Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանն էլ նշեց, որ բերքը քիչ է, բայց աշխատանքները նորմալ հունով ընթանում են: Ըստ նրա՝ ձմեռվա ցրտի պատճառով է բերքատվությունը թույլ եղել:
«Հիմնականում գյուղացիները իրենց բերքն արտահանում են: Ով դաշտեր ունի, նախապես հրավիրում են, 700-800 դրամով հանձնում են բեռնատարներին: Որը արտահանվում է, դա մի քիչ ուրիշ որակի է, մնացածը ներքին շուկայում է սպառվում»,- ասաց Ղազարյանը:
Ի տարբերություն Սուրենավան և Արարատ համայնքների, որտեղ աշխատանքները նոր են սկսվել, Արմաշում բերքահավաքն արդեն վերջանում է: Համայնքապետ Հակոբ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ Արմաշում այս տարի, ընդհանուր առմամբ, 50-60 տոկոսանոց բերք է եղել: Այս համայնքի բերքը նույնպես հիմնականում արտահանման է ուղարկվում:
«Մեր գյուղում հասած ծիրան չի լինում, խակ-խակ ուղարկում ենք դուրս: Այս պահին մոտ 500-600 տոննա արդեն արտահանվել է»,- նշեց Զեյնալյանը: