Վահագն Խաչատրյան. «Խաղի կանոնները փոխելու դեպքում բոլորն էլ այլ ձևով կվերաբերվեն պետական մարմիններին». «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում խոսելով կառավարության ներկայացրած ծրագրի մասին նշեց, որ կառավարության խնդիրը ոչ թե տնտեսական ծրագիր ներկայացնելը պետք է լինի, այլ այդ ծրագիրը պետք է քաղաքական որոշում կայացնելուն վերաբերի, բայց կառավարությունն իր առջև նման խնդիր չի էլ դրել:
«Սովորական, հերթական ծրագիր է, որը բովանդակային առումով ոչնչով չի տարբերվում նախորդներից, որովհետև այդպիսի խնդիր չկա դրված: Ընդհակառակը, եթե հանկարծ փորձեն այս ծրագիրն իրականացնել, ապա բիզնեսի և ժողովրդի վիճակն է՛լ ավելի կվատանա»,– ասում է Վ. Խաչատրյանը:
Տնտեսագետի կարծիքով այս ծրագրով պետությունը փորձելու է առանց հիմնավորման իր կարգավորիչ դերը մեծացնել և չհիմնավորված խնդիրներ դնել իր առջև:
«Մեր երկրի խնդիրը շատ ավելի պարզ ու հասարակ է: Նախ հարկավոր է կարգավորել պետություն–բիզնես փոխհարաբերությունները: Եվ եթե այդպիսի ձգտում չլինի, ապա մնացածի մասին խոսելն ավելորդ է»,– ասաց Վ. Խաչատրյանը:
Բիզնես – պետություն փոխհարաբերությունները կարգավորվելու դեպքում մարդիկ դա կզգան, բայց քանի դեռ նման ազդակներ չկան, տնտեսագետի կարծիքով մնացածը լուրջ չէ: Նրա կարծիքով մեր հասարակությունը և բիզնեսը դեռևս պատրաստ չէ ավելորդ պետական կարգավորումների, քանի որ մենք այն զարգացած երկիրը չենք, որ կարողանանք մեզ ճոխություններ թույլ տալ: Օրինակ բերելով կարմիր գծերի պատմությունը նա նշեց, որ դա մեր քաղաքացիների համար այն ամենակարևոր հարցը չէր, որի վրա պետք էր այդքան ուշադրություն դարձնել ու այդքան գումար ծախսել:
«Նախ անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական դաշտում նորմալ մրցակցային դաշտ ապահովել: Լավ կյանքից չի, որ տնտեսվարողները նույն մեքենայով հաց, միս կամ կարտոֆիլ են տեղափոխում: Բայց եթե օրենք է մտնելու, որ դրանք տարբեր մեքենաներով տեղափոխվի, ապա տնտեսվարողի համար դա լրացուցիչ ծախս է: Բայց իմ կարծիքով այսօր ավելի կարևոր խնդիրներ կան: Մենք բոլորս միանման շփոթի մեջ ենք, քանի որ բոլորս կառավարության թելադրած խաղի կանոնների շուրջ բովանդակային քննարկումների ենք մասնակցում: Դրանով ընդունում ենք այն խաղի կանոնները, որը թելադրում է կառավարությունը: Դրա կարիքը չկա, ոչ էլ այդքան կարդալու կարիք կա: Կառավարության ծրագրի նախաբանից պարզ է դառնում, որ այն գրված է ոչ թե Հայաստանի, այլ ցանկացած այլ երկրի համար: Եվ մեր բոլոր կառավարական ծրագրերի ամենամեծ խնդիրն այն է եղել, որ ծրագրերը բարի ցանկությունների ցանկ են, բայց որևէ մեկի ժամանակ մեր երկրի համար որևէ խնդրի լուծում չի առաջարկվում»,– ասաց Վ. Խաչատրյանը:
Նրա կարծիքով բոլոր երկրների կառավարություններն էլ ցանկանում են այն խնդիրները լուծել, որոնք նաև մենք ենք ցանկանում, իսկ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որը գերմոնոպոլիզացված է, որտեղ թե՛ քաղաքական դաշտում, և թե՛ տնտեսական դաշտում չի գործում հավասարության սկզբունքը, որևէ ծրագիր իրականացնել հնարավոր չի լինի: Մինչդեռ եթե կառավարությունն այնպիսի քայլեր կատարեր, որը տեսանելի փոխոխություն բերեր երկրին, ապա բոլորն էլ կգնային կառավարության կողմից առաջարկած ծրագրերի հետևից:
«Եթե մարդիկ համոզվեն, որ խաղի կանոնները փոխվել են և իշխանությունների հետ բոլոր հարաբերությունները օրենքի շրջանակներում են իրականացվում, հարցերը հեշտությամբ լուծվում են, պետական ապարատի հետ շփվելիս մարդիկ ավելորդ գումարներ չեն ծախսում, ապա բոլորն էլ այլ ձևով կվերաբերվեն պետական մարմիններին և սա կոչվում է վստահություն, որը չկա»,– ասաց Վ. Խաչատրյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: