ՀՀ ԿԲ վարչական ապարատի պահպանման ծախսերն անցյալ տարի կազմել են 6.68 միլիարդ դրամ
ЭКОНОМИКАՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2016 թվականի պլանավորված 7.6 միլիարդ դրամի նկատմամբ կատարվել են 97 տոկոսով: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով ԿԲ բյուջեն: «Կենտրոնական բանկի վարչական ծախսերի հիմնական մասը կազմել են վարչական ապարատի պահպանման ծախսերը, որոնց մեջ ներառված են աշխատակիցների աշխատավարձերի, աշխատակիցների սոցիալական ապահովության, ներկայացուցչական գնումների հետ կապված, ինչպես նաև ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը: 2016 թվականին ապարատի պահպանման ծախսերը կազմել են 6.68 միլիարդ դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջավադյանը:
Աշխատավարձերի և դրան հավասարեցված գումարների մասով նախատեսվածի չափով ծախսերը կատարվել են 100 տոկոսով, սոցիալական ապահովման փաթեթի գծով կատարվել է պլանավորված ծախսերի 92 տոկոսը, անձնակազմի գործուղման ծախսերը կատարվել են 81 տոկոսով, ներկայացուցչական ծախսերը կատարվել են 84 տոկոսով՝ կազմելով 45 միլիոն դրամ: Ծառայողական ավտոմեքենաների պահպանման և շահագործման ծախսերը կատարվել են պլանավորվածի 75 տոկոսով:
ՀՀ ԿԲ նախագահը հավելեց, որ ևս 56 միլիոն դրամ ուղղվել է ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերմանը և կապիտալ վերանորոգման աշխատանքներին: