Գյուղնախարարությանը հատկացված բյուջետային միջոցներն ուղղվել են ոլորտում առաջնահերթ ծրագրերի իրականացմանը
ЭКОНОМИКАԱնցած տարի ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 10 միլիարդ 997.8 միլիոն դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Նշված միջոցներից 7 միլիարդ 267 միլիոն դրամն ուղղվել է բյուջետային ծրագրերի իրականացմանը, 444 միլիոն դրամը՝ վարկային ծրագրերի համաֆինանսավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Հատկացված ֆինանսական ռեսուրսներն ուղղվել են գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ ծրագրերի իրականացմանը:
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսվել է 1 միլիարդ 214 միլիոն դրամ: Իրականացվել է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանության, անասնահակահամաճարակային կանխարգելիչ շուրջ 9 միլիոն միջոցառում, որի արդյունքում հանրապետությունում ապահովվել է կայուն անասնահամաճարակային վիճակ:
«Բույսերի պաշտպանության միջոցառումների» ծրագրով նախատեսվել է 150 միլիոն դրամ: Ծրագրով իրականացվել են կրծողների, մորեխների և անտառի վնասակար օրգանիզմների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ, որի արդյունքում հանրապետությունում ստեղծվել է կայուն բուսասանիտարական վիճակ։ Պայքարը իրականացված տարածքներում ապահովվել է 80-85% արդյունավետություն:
«Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների» ծրագրով նախատեսված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 71.3 միլիոն դրամ: Ավելի քան 76.3 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա իրականացվել են ագրոքիմիական դաշտային հետազոտություններ: Մշակված ագրոքիմիական քարտեզների և պարարտացման երաշխավորագրերի օգտագործումը հնարավորություն է տալիս կոնկրետ պայմաններին և ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան կիրառել պարարտացում, որը բերքատվության և արտադրանքի որակի բարձրացման կարևորագույն երաշխիքներից է:
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով նախատեսված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 1 միլիարդ 163 միլիոն դրամ: Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգին համապատասխան՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով), հայկական դրամով վարկեր, որի 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է: Վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար սահմանվել է արտոնյալ ժամկետ` առնվազն 6 ամիս: Վարկերը տրամադրվել են մինչև 2 տարի ժամկետով, առավելագույն մայր գումարը կազմել է 3 միլիոն դրամ:
«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքիձեռքբերման համար» ծրագրով նախատեսվել է 330 միլիոն դրամ: Ծրագրի գծով առաջացել է շուրջ 54,6 մլն դրամի տնտեսում: Դիզելային վառելանյութի 1 լիտրի չսուբսիդավորված գինը կազմել է 335 դրամ, որից 55 դրամը սուբսիդավորվել է ծրագրի շրջանակներում: Արդյունքում 1 լիտրը հողօգտագործողների վաճառվել է 280 դրամով:



