ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 32.3 մլրդ դրամով
ЭКОНОМИКАՀՀ պետական բյուջեի եկամուտները 2017 թվականին հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.2 տոկոսով կամ շուրջ 32.3 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.5%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2017 թվականի հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 455.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր` 82.7%-ով ապահովելով կիսամյակային ծրագիրը: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 8.4%‑ով կամ 35.4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների, ակցիզային հարկի, մաքսատուրքի և եկամտային հարկի գծով մուտքերի աճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ,իսկ շահութահարկի և պետական տուրքի գծով՝ նվազում: