ՀՀ պետական բյուջեում բնապահպանական և բնօգտագործման վճարներից ստացված եկամուտներն աճել են 69.9 տոկոսով
ЭКОНОМИКАՀՀ պետական բյուջե 2017 թվականին հունվար-մայիսին մուտքագրվել են շուրջ 19.2 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարներ` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 4.2 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 69.9 տոկոսով կամ 7.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով մուտքերի աճով, որը կազմել է շուրջ 15.2 մլրդ դրամ և 84.5%-ով կամ 6.9 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 6.9 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.5%-ը և 18.1%-ով կամ շուրջ 1.1 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում 5.8 մլրդ դրամ են կազմել նպատակային սոցիալական վճարները՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.3%‑ը և 17.9%‑ով կամ 884.1 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: