Կառավարությունը Հայաստանի հավաքականների ֆուտբոլիստներին տարկետում տվեց զինվորական ծառայությունից
СПОРТՀՀ կառավարությունը Հայաստանի հավաքականների երկու ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ որոշումներ ընդունեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի պատանեկան թիմի դարպասապահ Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնված` 1999 թվականի մարտի 2-ին, հաշվառման հասցեն՝ Երևան, Խանջյան 27) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Մելիքյանը հանդես է գալիս Հայաստանի մինչև 19 և մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքական թիմերում: Նա հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մասիս Ոսկանյանն էլ (ծնված՝ 1990 թվականի հուլիսի 11-ին, հաշվառման հասցեն` ք. Երևան, Խանջյան 27) ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից: Ոսկանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2017 թվականի ամառային զորակոչը: Քանի որ նրա 27 տարին լրանում է 2017 թվականի հուլիսի 11-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։