Կյանքը ցույց տվեց, որ ճիշտ էի. Փաշինյանը դատախազին հիշեցրեց «Հաց բերողի» մասին իրենց զրույցը
ОБЩЕСТВОԱզգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկալ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 7-ին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հիշեցրեց Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մասին ունեցած իրենց խոսակցությունը:
«Ձեր աշխատասենյակում մենք՝ ես ու Էդմոն Մարուքյանը, ձեզ ասում էինք, որ իրավական համակարգով մահվան եք դատապարտում Արթուր Սարգսյանին, մենք անձամբ ձեզ զգուշացրել էինք, կյանքը ցույց տվեց, որ մեր ասածը ճիշտ էր»,- Արթուր Դավթյանին դիմել ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Գլխավոր դատախազը, սակայն, չհամաձայնվեց: Նա նախ հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանը տեւական ժամանակ գտնվում էր ազատության մեջ, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել այնպիսի հիվանդություններով, որոնք կալանքի հետ կապ չունեն: Այնուհետեւ արդեն Արթուր Դավթյանը հորդորեց սպասել հարուցված քրեական գործով նախաքննության ավարտին, որից հետո արդեն իրենք կհայտարարեն, թե որն է եղել «Հաց բերողի» մահվան պատճառը:
Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016թ. դեկտեմբերի վերջին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել էր եւ նա ազատ էր արձակվել: Ավելի ուշ նա կրկին կալանավորվել էր՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:
Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: Մարտի 16-ին Սարգսյանը մահացավ հիվանդանոցում:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:



