Իսրայելը ՄԱԿ-ի ԱԽ-ին խնդրում է պնդել Պաղեստինի հետ ուղղակի բանակցությունների հարցում
МЕЖДУНАРОДНОЕՄերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման համար պաղեստինա-իսրայելական ուղղակի բանակցություններ են անհրաժեշտ: Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ իրավիճակի սրման կապակցությամբ Մերձավոր Արեւելքի իրադրության հարցով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չծրագրված հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դաննի Դանոնը: Հանդիպումն անցկացվել է Հորդանանի նախաձեռնությամբ:
«Ցանկանում եմ ասել միջազգային հանրությանն ու Անվտանգության Խորհրդին. եթե լուրջ եք խաղաղության առաջընթացի հարցում, հավատարիմ եք մեր տարածաշրջանում գոյակցությանը, հստակ հայտարարություն արեք»,- ասել է Դանոնը:
Նրա խոսքով, ուղղակի բանակցություններին միջազգային աջակցություն է անհրաժեշտ: «Խաղաղություն հաստատելու համար երկու կողմերն էլ պետք է առանց նախապայմանների բանակցությունների սեղանի շուրջ նստեն եւ բանակցեն»,- ասել է նա լրագրողներին:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Դանոնը նաեւ նշել է, որ Իսրայելը չի համաձայնի Տաճարի լեռան վրա միջազգային ներկայությանը: Նա ընդգծել է, որ այդպիսի ցանկացած միջոց կխախտի ստատուս-քվոն:
Վերջին շրջանում Իսրայելում Ալ-Աքսա մզկիթի շուրջ հակամարտությունը սրվել է: Պաղեստինցիներն իսրայելցիներին մեղադրում են Տաճարի լեռան ստատուս-քվոն վերանայելու մտադրության մեջ. այստեղ է գտնվում Ալ-Աքսան՝ նշանակությամբ երրորդ սրբությունն իսլամում, որտեղ արգելված են ոչ մահմեդական ծեսերը: Իսրայելում հերքում են մեղադրանքները, սակայն կանոնավոր կերպով լեռան վրա ոստիկանական շրջայցեր են կատարում՝ դրանք հիմնավորելով հրեա զբոսաշրջիկներին պաշտպանելու անհրաժեշտությամբ:



