Գեղարքունիքի մարզպետն ընդունեց մարզի հանդբոլի հավաքականին եւ «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարի մասնակիցներին
СПОРТԳեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց հուլիսի 17-22-ը Ծաղկաձորում կայանալիք ՀՀ նախագահի մրցանակի համար կազմակերպվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված 13 ընտանիքներից կազմված թիմերին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը հաջողություն մաղթեց ընտանիքներին մրցումների հանրապետական փուլում եւ հույս հայտնեց, որ նրանք տուն կվերադառնան մրցանակային տեղերով: Կարեն Բոթոյանը միաժամանակ հանձնարարեց լուծել մարզային թիմին երկրպագել ցանկացողների տեղափոխման հարցը, որպեսզի մարզի թիմերը ոգեւորողների բանակ ունենան։ Մարզպետը ընտանիքներին հանձնեց միասնական մարզահագուստ:
Մարզպետի մոտ նույն օրը հյուրընկալվեց նաեւ Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի հանդբոլի հավաքականը: Թիմը հուլիսի 11-13-ը Դիլիջանում մասնակցել է ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների Հանրապետական 26-րդ մարզական խաղերին եւ գրավել 2-րդ մրցանակային տեղը: Մարզպետը շնորհավորեց մարզիկներին եւ նրանց մարզիչներին: Գեղարքունիքի մարզի հանդբոլի հավաքականի կազմում ընդգրկված են 16-17 տարեկան 12 պատանիներ, որոնք ներկայացնում են Գավառ եւ Սարուխան համայնքները: Հավաքականի մարզիչներն են Վահան Սարգսյանը եւ Գնել Թորոսյանը: Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը ոլորտի մասնագետների հետ քննարկեց մարզաձևի զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծման հետ կապված հարցեր։ Ի նշան երախտագիտության՝ հանդբոլի հավաքականի անդամներն իրենց նվերը հանձնեցին մարզպետ Կարեն Բոթոյանին: