Ռուսաստանաբնակ արցախցի մարզիչն իր նախնիների մասին ֆիլմ է նկարահանում
СПОРТԱրմատներով ԱՀ Հադրութի շրջանի Արևշատ գյուղից, այժմ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի թեքվանդո սպորտաձևի թիմի մարզիչ Վադիմ Բադալյանը հերթական անգամ այցելել է Արցախ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վ. Բադալյանն ասել է, որ ինքը պարբերաբար է լինում Արցախում, այցելում Արևշատ գյուղ, տեսնում համագյուղացիներին, ծանոթանում գյուղի խնդիրներին, ինչպես նաև նրանց տրամադրում օգնություն: Վ. Բադալյանը հանդիպել է նաև արցախցի մարզիչներին, խոսել նրանց հետ և քննարկել Արցախում թեքվանդոյի զարգացման ու մասսայականացման մասին: «Ես մանկուց եմ զբաղվում թեքվանդոյով: Համագործակցում եմ հայ մարզիչների հետ, կատարում փոխայցելություններ, հանդես գալիս փորձի փոխանակմամբ: Մենք մի քանի օր Ստեփանակերտում անց եք կացնելու ընկերական հանդիպում, մարզումներ: Ես ներկա եմ լինում և հետևում նաև Սոչիում անցկացվող մրցաշարերին, արցախցի մարզիկների մարտերին: Ես շատ եմ ուրախանում և հպարտանում, երբ միջազգային մրցաշարերում բարձրացվում է հայկական դրոշը»,-մասնավորապես ասել է Վ. Բադալյանը: Մեր զրուցակցից իմացանք, որ նա զբաղվում է նաև ֆիլմի նկարահանությամբ: Վ. Բադալյանը ֆիլմ է նկարահանում իր նախնիների գյուղի մասին, որն, ավաղ, այժմ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: «Ես գիտեի, որ իմ նախնիները եկել են Իրանից: Փորձել եմ գտնել իմ արմատները. որտե՞ղ է ապրել իմ ապուպապ Բադալը, ում անունով էլ մեր ազգանունն է՝ Բադալյան: Գնացել եմ և գտել եմ Իրանում գտնվող այն գյուղը, որտեղ ապրել է նա: Այժմ այնտեղի բնակիչներն իրանցիներ և ադրբեջանցիներ, բայց հայկական գերեզմանոցները դեռ պահպանվում են: Գյուղի վերևում կա Սուրբ Հովհաննես անունով եկեղեցի:Ես նկարել և տեսագրել եմ ողջ տեսածս: Այցիս ընթացքում հայերեն գրությամբ կարդացել եմ մեծ պապիս՝ Բադալի և նրա որդի Հայրապետի անունները: Ես գիրք եմ գրում նրանց մասին, որպեսզի երեխաներս, ազգականներս ու համագյուղացիներս իմանան, թե որտեղից են իրենք սերվել»,- պատմել է Վ. Բադալյանը: