Ռոջեր Ֆեդերերի ռեկորդային 8-րդ տիտղոսն Ուիմբլդոնում
СПОРТՇվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 19-րդ տիտղոսը նվաճեց թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ այդ ցուցանիշով թարմացնելով սեփական ռեկորդը:
Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 35-ամյա Ֆեդերերը 3 սեթում հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին՝ 6:4, 6:1, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ 41 րոպե:
Սա Ռոջեր Ֆեդերերի ռեկորդային՝ 8-րդ տիտղոսն էր Ուիմբլդոնում, որի եզրափակիչում 28-ամյա Չիլիչը հանդես եկավ առաջին անգամ: Խորվաթ թենիսիստը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ունի մեկ տիտղոսը, որը նվաճել է US Open-2014-ում:
Հիշեցնենք, որ այս տարի Ուիմբլդոնի հաղթողի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը, որը քառորդ եզրափակիչում պարտվել էր ամերիկացի Սեմ Կուերիին:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում երկրորդ ամենաշատ տիտղոս նվաճած թենիսիստն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որն ունի 15 տիտղոս: Եռյակը եզրափակում է լեգենդար ամերիկացի Պիտ Սամպրասը՝ 14 տիտղոս:
Ֆեդերերը գերազանցեց Պիտ Սամպրասի եւ բրիտանացի Ուիլյամ Ռոունշոուի ռեկորդները: Նրանք Ուիմբլդոնում հաղթել էին 7-ական անգամ: