Ռոջեր Ֆեդերեր. Շատ զարմացած եմ, թե ինչպես է դասավորվում այս մրցաշրջանը
СПОРТՇվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Ուիմբլդոնում ռեկորդային՝ 8-րդ անգամ հաղթելուց հետո կիսվել է տպավարություններով: Այս մրցաշրջանում 35-ամյա Ֆեդերերն արդեն արժանացել է 5 տիտղոսի: Նա նվաճել է «Մեծ սաղավարտի» 2 տիտղոս (Australian Open եւ Ուիմբլդոն), հաղթել «Մասթերս» շարքի 2 մրցում ու Հալեի մրցաշարում: 2007-ից հետո Ֆեդերերը ոչ մի մրցաշրջանում չի նվաճել 6-ից ավելի տիտղոս:
«Անկեղծ ասած, ինքս շատ զարմացած եմ, թե ինչպես է դասավորվում այս մրցաշրջանը: Հիանալի եմ զգում ինձ, իսկ կորտում ամեն բան հաջող է ընթանում: Հրաշալի եմ գործում ծանր իրավիճակներում՝ բարձրացնելով իմ խաղի մակարդակը անհրաժեշտ պահի: Զարմացած եմ, որ ամեն բան այսքան լավ է ընթանում:
Ես հասկանում էի, որ դեռ կարող եմ խաղալ, բայց չէի մտածում, որ դա կանեմ այսքան լավ: Երեւի, յուրաքանչյուրը կծիծաղեր, եթե մրցաշրջանից առաջ ասեի, որ հաղթելու եմ «Մեծ սաղավարտի» 2 մրցաշարերում»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում Ռոջեր Ֆեդերերը 3 սեթում հաղթել էր խորվաթ Մարին Չիլիչին եւ 19-րդ տիտղոսը նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: