ԱՄՆ–Իրան դիմակայությունը խորանում է
МЕЖДУНАРОДНОЕP5+1 երկրների դաշինքի՝ ԱՄՆ–ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իրանի հետ համատեղ համալիր գործողությունների մասին ծրագրի ստորագրումից անցել է երկու տարի: Ըստ այդմ՝ Եվրամիությունն ու ԱՄՆ–ը պարտավորվել էին չեղարկել Թեհրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները, եթե Իրանը սահմանափակումներ մտցներ իր միջուկային ծրագրում, ինչը և տեղի ունեցավ: Սակայն, ԱՄՆ նոր վարչակազմը, որ դարձյալ չարիքի առանցք հռչակեց Իրանին, այդ երկիրը ներառեց ոչ միայն ԱՄՆ մուտք գործելու սահմանափակ իրավունք ունեցող մահմեդական երկրների շարքում, այլև նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ՝ սպառնալով նույնիսկ P5+1–ի չեղարկմամբ:
Երեկ էլ պարզվեց, որ ԱՄՆ–ի Ֆինանսների նախարարությունը մոտ օրերս հերթական պատժամիջոցներն է սահմանելու իրանական 7 կառույցների 5 քաղաքացիների դեմ՝ այդկերպ հաստատելով տարածաշրջանում Իրանի բացասական գործունեության մասին իր մտայնությունն ու Իրանին պատժելու վճռականությունը: Եվ թեպետ Սպիտակ տանը խոստովանել են, որ Իրանը չի խախտել միջուկային համաձայնությունը, BuzzFeed–ի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ–ը մտադիր է խորացնել ճնշումը: Այս անգամ՝ Իրանի հրթիռային ծրագրի պատճառով: Բնականաբար, Իրանում կասկածում են, որ խնդիրը բուն Իրանն է, ոչ թե նրա՝ այս կամ ծրագիրը: Եվ պիտի նշել, որ ԱՄՆ–ում դա չեն էլ թաքցնում: Վերջերս Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ԱՄՆ–ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարեց, որ՝ «ԱՄՆ–ը Իրանում կհովանավորի բոլոր նրանց, որոնք կօգնեն Վաշինգտոնին խաղաղ իշխանափոխության հարցում»: Բավական թափանցիկ հայտարարություններով էր հանդես եկել նաև Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը:
Եվ դա է պատճառը, որ ՄԱԿ–ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու–Յորք մեկնած Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ ԱՄՆ–ի արտաքին հարաբերությունների խորհրդում հայտարարեց, թե հնարավոր չէ Իրանում հեղաշրջում իրականացնել: «ԱՄՆ–ը դաս չի քաղում պատմությունից: 1953–ին նրան մի անգամ հաջողվեց դա, և տեսեք, թե ինչ եղավ»: Ավելին՝ Զարիֆը հայտարարեց, որ «եթե այս ընթացքը շարունակվի, Իրանն ի՛նքը կհրաժարվի միջուկային համաձայնությունից»: Սրան զուգահեռ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Բաղիրին Թեհրանում հայտարարեց, որ Իրանի հրթիռային կարողությունը պաշտպանական բնույթ է կրում և երբեք բանակցության ու առևտրի առարկա չի կարող լինել:
Ավելին՝ նա փաստացի սպառնաց ԱՄՆ–ին՝ նշելով, թե Իրանի իսլամական հեղափոխության պահակազորն ահաբեկչական խմբավորումների հետ համեմատելը մեծ ռիսկ է ամերիկացիների և տարածաշրջանում նրանց ռազմաբազաների ու զորայինների համար: Պատկերն ամբողջացրեց Իրանի խորհրդարանը, որը, ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի՝ «Իրանի ապակայունացնող քայլերի դիմագրավման օրենք–2017» շրջափակումների նախագծի, հաստատեց «Տարածաշրջանում ԱՄՆ–ի ահաբեկչական ու արկածախնդրական քայլերի դիմագրավման» սեփական նախագիծը, որի վերաբերյալ առայժմ մանրամասներ չկային: Այդ առիթով խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է, թե՝ «Ամերիկացիները պետք է ընկալեն Իրանի խորհրդարանի պատգամավորների պատգամը»:
Գոհար Սիմոնյան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



