Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ վարչապետը հանձնարարել է հստակեցնել պետական մարմինների կողմից լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը

ПОЛИТИКА

ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85-ի, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին: Միաժամանակ, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման  ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն: Ավելին` որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմներ կամ մեկ պատուհանի հնարավորություն»: Հաշվի առնելով ՀՀ  կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է  հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքն ապահովելու և ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղմ ժամկետներ, այդ թվում հատուկ ուշադրություն դարձնելով գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգավորումներին։

Կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարել է սահմանել վերահսկողություն 1-ին կետով սահմանված պահանջի և ծրագրի կատարման նկատմամբ, իրականացնել գործընթացի համակարգման և ամփոփման աշխատանքները և պարբերաբար զեկուցել կատարման ընթացքի մասին:

«Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք, մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառենք»,-նշել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ որոշ գերատեսչություններում այս առումով անթույլատրելի իրավիճակ է: 

 

Առաջարկություններ կներկայացվեն բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ 

Բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումների վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախտումները չեն կանխարգելվում և որոշ դեպքերում կրում են շարունակական բնույթ:   Ավելին, առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի ռեսուրսների օգտագործումն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև»։ 

Այդ նպատակով  վարչապետը  հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ, ներառյալ ոլորտի հստակեցմանն ուղղված օրենդրական նախաձեռնությունների փաթեթ: Ըստ անհրաժեշտության հարցը կքննարկվի նաև շահագրգիռ այլ մարմինների հետ: 

 

Նվազագույնի կհասցվեն հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը 

Կարեն  Կարապետյանը, անդրադառնալով հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառմանը, նշել է. «Վերջին ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի և դրամական միջոցների արգելանքը պարտավորության հստակ չափով կիրառումն ապահովելու նպատակով, իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ: Նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալում եմ Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը և նոր մեխանիզմների իրագործումը»: Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել է, թե այդ ուղղությամբ  ինչ աշխատանքներ են տարվել: ՊԵԿ նախագահը նշել է, որ  վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՊԵԿ-ը ԿԲ-ի հետ մշակել է նախագիծ, որը մոտակա օրերին կստորագրվի և կմտնի կիրառության մեջ: 

ՀՀ-ում կստեղծվի միասնական երթուղային ցանց. կառավարությունը հավանություն է տվել դրա ստեղծման տեխնիկական առաջադրանքին 

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին: Դրա շրջանակում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան: Ելնելով ուղևորահոսքի ծավալներից՝ կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, կսահմանվի նաև մարզկենտրոնից կամ մարզի խոշոր քաղաքներից դեպի Երևան  փոխադրման արդյունավետ տեսակը, արդյունավետ կկազմակերպվի հանրապետության ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական  կետերի աշխատանքը: Արդյունքում  հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավետությունը և ոլորտի վերահսկողության մակարդակը: Պատասխանելով Կարեն Կարապետյանի հարցին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ հարցը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի՝ օպերատորների, Հայաստանում գործող տրանսպորտային ընկերությունների հետ: Նա նշել է, որ հայտարարվելու է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև միջազգային ընկերությունները: 

Կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը  

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. պետական կառավարման մարմինների գործունեության ոլորտներում որոշումներ կայացնելու իրավասությունները տվյալ մարմիններին վերապահելու քաղաքականությանը համահունչ` առաջարկվում է նախապես սահմանված` որոշակի արժեքային մեծություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնելու իրավասությունը վերապահել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը: Փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել այն մոտեցումը, որ տարածագնահատման 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող, 50 մլն դրամից ավելի գնահատված արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումներն ընդունվեն ՀՀ կառավարության որոշմամբ: Ինչ վերաբերում է տարածագնահատման 4-րդ և ավելի բարձր գոտիներում գտնվող, մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումների ընդունմանը, ապա այդ լիազորությունն առաջարկվում է վերապահել Պետգույքի կառավարման վարչությանը: Արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվի գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կկարգավորվի ոչ լիգվիդային անշարժ գույքի վաճառքը՝ արդյունքում կավելանան ՀՀ պետբյուջեի մուտքերը:  Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ կառավարության ղեկավարը նշել է, «Այսպիսով մենք ավելացնում ենք պետգույքի կառավարման վարչության ճկունությունն ու ազատության աստիճանը,  միևնույն ժամանակ ավելացնում ենք պատասխանատվությունը, ինչի արդյուքնում մենք ձեզանից սպասում ենք գումարների ինտենսիվ մուտք»:   

«Մաքուր Հայաստան»  ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի   աղբանոցների ու աղբավայրերի թիվը 

Գործադիրը հավանություն է տվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որի նպատակն է  պետական, համայնքային  և հասարակական  կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել մի շարք համալիր գործողություններ:  Այն  իրենից ներկայացնում է պետություն–համայնք-մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն  համագործակցություն՝ ուղղված Հայաստանն աղբից մաքրելուն, դրա հետագա կուտակումներն աղբահանության համար չնախատեսված վայրերում կանխելուն: Արդյունքում նախատեսվում է առավելագույնս նվազեցնել  աղբանոցների ու աղբավայրերի թիվը,  սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրերի  շահագործում: Բացի այդ, ակնկալվում է շեշտակիորեն բարելավել հանրապետության շրջակա միջավայրը, այն ազատել վտանգավոր ներգործություններից, ինչպես նաև բարձրացնել երկրի զբոսաշրջային գրավչությունը: Ծրագրով նախատեսվում են նախապատրաստական, ուղղիչ և կանխարգելիչ գործողություններ: Ուղղիչ գործողությունների շարքին կարելի է դասել շաբաթօրյակները, աղբանոցներից աղբի տեղափոխումը գործող աղբավայրեր, աղբի լցակույտերի ծածկումը, աղբավայրերի ցանցապատումը և այլն:     Կանխարգելիչ գործողություններից են էկոկրթության և էկոդաստիարակության ուղղությամբ միջոցառումների իրականացումը, քարոզչության և հանրային հսկման աշխատանքների կազմակերպումը, ինտերակտիվ համացանցային կայքի ստեղծումը և այլն: Նախատեսվում է նաև  իրավական և վարչական աշխատանքների կատարելագործում, որի արդյունքում կբարելավվի համայնքապետարանների կողմից կազմակերպվող աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կանոնակարգը՝ պահանջներն ու իրավասությունները: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների ծրագիր: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնել է, որ  2300 աղբավայրերի թիվն այսօր արդեն հասել է 564–ի: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է  դրանց թիվը հասցնել 126-ի: 

Երկարաձգվել է ստուգումների իրականացման արգելքի ժամկետը 

Տեսչական բարեփոխումների շրջանակում ներկայում իրականացվում են տեսչությունների օպտիմալացման աշխատանքներ: Մինչև նոր տեսչական մարմինների վերջնական ձևավորումն անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ընդունված ստուգումների կասեցման արգելքը` նվազագույնի հասցնելով տնտեսվարող սուբյեկտներում ստուգումների քանակը: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներում: Ըստ այդմ՝ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով  նախատեսվում է ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել՝  մինչև 2017 թ. դեկտեմբերի 30-ը:

Կառավարությունը համապատասխան որոշումներով գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Ֆարմեր» ՍՊԸ ընկերությանը տրամադրել է  ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և  նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: «Գրին Ֆարմեր» ընկերությունը նախատեսում է  ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ ինտենսիվ այգիներ՝ կատարելով շուրջ 1,3 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ Արդյունքում հնարավոր կլինի ներդնել իտալական արտադրության ժամանակակից սարքավորումներ,  ստեղծել մոտ 230 աշխատատեղ, որից 200-ը սեզոնային, իսկ 30-ը՝  հիմնական: Միջին աշխատավարձը կկազմի՝  2018 թ.-ին 120, 2019 թ.-ին 130, 2020 թ.-ին 150 հազար ՀՀ դրամ:

Օրենսդրական նախաձեռնություններ 

Հավանության է արժանացել «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից մի շարք օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնավորման համաձայն, հանրագրեր ներկայացնելու իրավունքը` որպես քաղաքական իրավունք, կարևորագույն նշանակություն ունի անհատական և հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից: Այն հնարավորություն է տալիս ապահովելու հասարակության առավել լայն մասնակցություն և ներգրավվածություն հանրային նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործընթացներին: Հանրագրերի ինստիտուտը լայն կիրառություն ունի միջազգային պրակտիկայում: Օրինագծերի ընդունմամբ կստեղծվեն  անհրաժեշտ իրավական կառուցակարգեր ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով նախատեսված` հանրագիր ներկայացնելու իրավունքի գործնական իրացումն ապահովելու համար: Օրինագծերով, մասնավորապես, նախատեսվում է, որ հանրագրերը կարող են ներկայացվել գրավոր կամ բանավոր եղանակով, դրանք  կարող են լինել անհատական և կոլեկտիվ: Հանրագրի առարկան կարող է վերաբերել մշակութային, կրթական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական և հասարակական կյանքի այլ ոլորտներին, պետական և  տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների վերացմանը, պետական և  տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավմանը: Նախագծով սահմանվում են նաև հանրագիր ներկայացրած անձանց իրավունքները և պարտականությունները, այդ թվում` անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին  մասնակցելու իրավունքը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները: Արդյունքում  հանրագրերի ինստիտուտի ամրագրումը  կապահովի հասարակության մասնակցությունը  պետական և տեղական ինքնակառավարման գործընթացին:

Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում»,  «ՀՀ դատական օրենսգրքում», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, մասնավորապես, պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունների ամրագրմամբ, ինչպես նաև նույնաբնույթ իրավական ակտերի միասնականության ապահովմամբ:

Կառավարության հավանությանն է արժանացել  ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի  նպատակն է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ:  Հիմնավորման համաձայն,  խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան: Սակայն հստակեցված չէ հավանության արժանացած  ծրագրի  համաներդրողների առկայության դեպքում, որ ներդրողը կարող  է հանդես գալ որպես կազմակերպիչ: Այդ հստակեցմանն է ուղղված օրենքի փոփոխությունը: 

Հաստատվել են էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները 

Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» ՍՊԸ-ից (ՀՀն) բաղկացած համատեղ ձեռնարկությանը: Հիմնավորման համաձայն՝ համակարգի ծրագրային ապահովման մշակումը, սերվերային ենթակառուցվածքի նախագծումը, մատակարարումն ու տեղադրումը և ՀՀ տարածքում գործող 6 բուժհաստատություններում պիլոտային փորձարկումը իրականացվել է 2014-2015 թթ. ընթացքում: 2017 թ. սկզբից  համակարգին միացվել են պետական մասնակցությամբ առողջապահական ոլորտի մի շարք հաստատություններ, որոնց պետական պատվերի շրջանակում հաշվետվությունների կազմումն արդեն իսկ իրականացվում է համակարգի միջոցով։  ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է համակարգի ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր բուժհաստատություններում իրականացնել 2017 թ. և 2018 թ. առաջին եռամսյակում: Համակարգի հետագա շահագործումը և զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնել միասնական օպերատորին, որի համար ձևավորվել է միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, կազմակերպվել և իրականացվել է բաց մրցույթ։ 

Այլ որոշումներ 

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու հնարավորություն չի նախատեսում, մինչդեռ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հնարավորություն է ընձեռում երկարաձգել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը: Գործադիրը փոփոխություններ է կատարել երկու որոշումներում՝ համապատասխանեցնելով դրանք միևնույն հարաբերությունները կանոնակարգող վերոնշյալ օրենքին: Արդյունքում կբացառվեն երկարաձգված անձնագրերն օգտագործելիս ՀՀ քաղաքացիների համար առաջացող հնարավոր խնդիրները: Հիմնավորման համաձայն՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը ևս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը:

Կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի հիմնադրամի՝ Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Կարգավիճակի փոփոխությունը կնպաստի Մատենադարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում Սփյուռքից ներդրումների ապահովմանը:

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы