Մնջախաղի միջազգային փառատոնը ևս մեկ տոն նվիրեց Ծաղկաձորի արվեստասերներին
КУЛЬТУРАԼեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում հուլիսի 23-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում տարբեր խնդիրներ վերհանող ներկայացումներով հանդես եկան Ռուսաստանից ժամանած «Մի Մինոր», «Ունիսոն» խմբերը, Հայաստանի մնջախաղի պետական թատրոնը:
«Փորձել եմ 30 րոպեում լիարժեք փոխանցել բեմադրության իմաստը: Այն մեր ժամանակակից իրականության մասին է: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք որոշակի ազատություն ենք ստանում, ինչը կարող է խաբուսիկ լինել: Ուզում ենք հասկանալ, թե ինչ կարելի է անել առաջընթացը խրախուսելու, բայց ինքնությունը չկորցնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եկատերինա Վարլակովան:
Նա ասաց, որ փառատոնի բացմանն ուշադիր հետևել է մյուս մասնակիցների ելույթներին ու նոր, բազմազան բեմադրություններ տեսել, որոնցից հատկապես տպավորել է սարդի և թիթեռնիկի համարը:
«Մի Մինոր»-ի «Կյանքն ՕՆԼԱՅՆ» ներկայացումը պատմում է տեղեկատվական հորձանուտի մասին: Երբ մարդը կարող է համացանցի միջոցով մի մայրցամաքից մյուսում ապրող մարդուն սիրահարվել, աշխատել վազելով, կոճակ սեղմելով կենսականորեն կարևոր հարցեր որոշել: Բայց արդյո՞ք այդ ամենը մարդուն ազատ է դարձնում:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Խաղը» բեմադրության մեջ թագուհուն մարմնավորած դերասանուհի Նաիրա Եդիգարյանի խոսքով՝ մնջախաղը տաճար է, որտեղ ինքը աղոթում է:
«Կարևորում եմ այս փառատոնը, քանի որ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ծանոթանալ այս հրաշալի արվեստին: Այս դեպքում թատրոնն է հյուր գնում արվեստասերին: Ընդգծեմ, որ դերերն ասես հագուստներ լինեն, որոնք պարբերաբար հագնում է դերասանը: Դրանք ինձ հենց այնպես չեն տրվում. աշխատում եմ, հղկվում ու անում ամեն բան լիարժեք կերպարանափոխվելու համար: Սիրում եմ ակտիվ, հուզառատ, փիլիսոփայական կերպարներ մարմնավորել, քանի որ մնջախաղն ինքնին փիլիսոփայություն է և խոր արվեստ: Այն բացահայտում է մարդու ներքին աշխարհը»,- շեշտեց նա:
«Խաղը» բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է՝ արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա, մահ: Այս ողբերգական պատմությունը հին հայկական մագաղաթներից իջած շարժվող նկար է, ծաղկած մի էջ, սիրո և գեղեցկության օրհներգ:
Մնջախաղի միջազգային փառատոնն ա