Թուրքիայի իշխանություններն ահաբեկում են ժողովրդին. ընդդիմադիր պարբերականի գործադիր տնօրեն
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական «Ջումհուրիյեթ» ընդդիմադիր պարբերականի գործադիր տնօրեն Աքըն Աթալայը, ով այժմ կանգնել է թուրքական դատարանի առաջ, ներկայացրել է իր՝ 41 էջանոց պաշտպանական ճառը, որի մեջ նաև մեղադրել է Թուրքիայի իշխանություններին՝ բռնապետական կարգեր սահմանելու, ազատ մամուլի ձայնը ճնշելու և ժողովրդի մեջ վախ սերմանելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում մեկնարկել է թուրքական ամենահայտնի ընդդիմադիր թերթի՝ «Ջումհուրիյեթ»-ի խմբագրակազմի դեմ դատական գործընթացը։
Ըստ Աթալայի՝ իրենց թերթի դեմ բացված դատական գործընթացն ունի երկու հիմնական նպատակ. առաջինը՝ լռեցնել ընդդիմադիր մամուլին, և երկրորդը՝ ցույց տալ մամուլի ներկայացուցիչներին, թե ինչ գին են վճարում այն լրագրողները, որոնք հրապարակում են իշխանությունների կողմից անցանկալի համարվող տեղեկատվություն։
«Նա (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին-Tert.am) ուզում է, որ մարդիկ ասեն՝ տեսեք, մեր հանրապետության հիմքերում ընկած, Աթաթուրքի գաղափարախոսությունը կրող, այս երկրի ամենահին պարբերականներից մեկի գլխին եթե այսքան բանն անում են, բա մեզ ինչ կանեն։ Բայց մեր թերթը չի հանձնվի ու չի դադարի գործել», - ասել է Աթալայը՝ շեշտելով, որ իշխանություններն այդպիսով ահաբեկում են ժողովրդին։
Նշենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 11-ին Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն էր իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ էին իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում:
Ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալության վերաբերյալ իր մտահոգությունն էր այն ժամանակ հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` դատապարտելով ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությունը:
«Ջումհուրիյեթ» թերթը դեռևս անցյալ տարվա մայիսին էր հայտնվել իշխանությունների և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության կենտրոնում: Թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը ՄՃՓ («Միջազգային ճանապարհային փոխադրումներ») միջազգային բեռնափոխադրման մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին:
Այդ ժամանակ լուրը հերքած նախագահը սպառնացել էր թերթին և հայտարարել, թե «այդ լուրն անողը պատասխան կտա»:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև հոկտեմբերի 2-ը ժամանակ է տվել Թուրքիայի իշխանություններին, որպեսզի հանդես գան դատարանում բացատրական ճառով ու բացատրեն, թե ինչ հիմունքներով են ձերբակալել թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրողներին ու ղեկավար կազմին։



