Ереван, 21.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստան-Իրան հարաբերություններն օրինակելի և յուրահատուկ են. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը՝ իրանական օրաթերթին

ИНТЕРВЬЮ

Հայաստանն ու Իրանն աշխարհին լավագույնս ցույց են տալիս այն անհերքելի ճշմարտությունը, որ տարբեր կրոններ դավանող ժողովուրդները կարող են ապրել համերաշխ՝ զարգացնելով բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում, որ շահավետ են մեր երկրների և ժողովուրդների համար: Այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում:

-Անկեղծ շնորհակալություն հայտնելով Ձերդ Գերազանցությանը, որպես առաջին հարց՝ ուզում եմ հարցնել, ինչպիսի՞ն է Ձերդ Գերազանցության գնահատականը Իրան- Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:

-Նախ ցանկանում եմ գոհունակություն հայտնել Ձեզ և «Շարղ» օրաթերթին՝ Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդի հետ հաղորդակցվելու ընձեռված հնարավորության համար:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա պետք է նշեմ, որ մեր երկու երկրների և ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունների առավել զարգացման համար գոյություն ունեն բազմաթիվ նախադրյալներ, որոնց արմատները գնում են հազարամյակների խորքերը: Երկու հարևան ժողովուրդների միջև բարեկամությունն այնքան ամուր է, որ մնում է միայն, պահպանելով մեզ միավորող դարերի խորքից ավանդված ընդհանրությունները, հոգ տանել դրանց հետագա զարգացման ու խորացման մասին, ինչը և մեր հարաբերությունների հուսալի հիմքն ու պատվարն է: Մեր երկրները տարածաշրջանի հնամենի և հարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, որոնց հազարամյակների հարևանությունը կապել է բազմաթիվ ամուր թելերով:

2017 թվականին լրանում է մեր նորօրյա հարաբերությունների քսանհինգերորդ տարին: Անցած քառորդ դարի ընթացքում՝ Հայաստանի անկախությունից ի վեր, հայ-իրանական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն:

-Իրանի և Հայաստանի խոր հարաբերություններն ի՞նչ դերակատարություն ունեն տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հաստատման և ընդլայնման հարցում:

-Հայաստանն ու Իրանը գտնվում են երկրագնդի առավել անկայուն և անհանգիստ տարածաշրջանների հարևանությամբ. որոշ երկրներում մոլեգնում են ահաբեկիչների վայրագությունները, այդ պետությունների ամբողջական հատվածներ գտնվում են այնպիսի ծայրահեղական կառույցների վերահսկողության տակ, ինչպիսին է տխրահռչակ «Իսլամական պետությունը»: Այս երկրներից ահաբեկչության շոշափուկները տարածվում են դեպի տարածաշրջանի այլ երկրներ, ինչի մի ցավալի օրինակին ականատես եղանք վերջերս, երբ վերոհիշյալ ահաբեկչական կառույցի գործողությունների թիրախ դարձավ մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այս պայմաններում կարևոր է համատեղել միջազգային հանրության ջանքերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում՝ կարևորագույն դերակատարություն ստանձնելով ծայրահեղականության դեմ մղվող պայքարում: Ըստ էության՝ մեր երկու երկրները ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ այդ անվտանգության կերտողներ, որոնց գործակցությունը միտված է միմիայն կայուն և խաղաղ տարածաշրջանային համակեցության ապահովմանը: Հայաստանը և Իրանը, ըստ իս, ունեն մի կարևոր ընդհանրություն. միջազգային ասպարեզում մեր իրականացրած քաղաքականությունը հիմնված է արդարության հասնելու տեսլականի վրա, ինչը չափազանց կարևոր է առկա բազմաթիվ խնդիրների խաղաղ և հիմնավոր լուծման առումով: 

-Համայն աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապի հետ Ձերդ Գերազանցության նախորդ տարվա հանդիպման ընթացքում Դուք, բարձր գնահատելով Իրան-Հայաստան եղբայրական հարաբերությունները, նշել էիք, որ օրինակելի են մահմեդական և քրիստոնյա երկու երկրների միջև այդ հարաբերություններն ու համագործակցությունը: Ձերդ Գերազանցության կարծիքով ո՞ր բնագավառներում է հնարավոր ակնկալել, որ այդ հարաբերությունները կարող են ավելի ընդլայնվել:

-Վստահությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ու Իրանն աշխարհին լավագույնս ցույց են տալիս այն անհերքելի ճշմարտությունը, որ տարբեր կրոններ դավանող ժողովուրդները կարող են ապրել համերաշխ՝ զարգացնելով բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում, որ շահավետ են մեր երկրների և ժողովուրդների համար: Համոզված եմ՝ դարերի ընթացքում ձևավորված բարիդրացիական հարաբերությունների մեկնակետը հանդիսացող համամարդկային արժեքների՝ քրիստոնեության և իսլամի երկխոսության վրա հիմնված երկու ժողովուրդների սերտ կապերը, մշակութային ընդհանրությունները և դարավոր բարեկամությունը նպաստում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակաբար բարձրանան որակական նոր մակարդակի: Այս տեսանկյունից Հայաստան-Իրան հարաբերությունները, առանց չափազանցության, օրինակելի և յուրահատուկ են, քանի որ դրանց ամրապնդման ճանապարհին մենք կարողանում ենք լավագույնս համադրել դարերի խորքից եկող ավանդական արժեքները ժամանակակից իրողությունների հետ:

-Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն ահաբեկչության և ծայրահեղականության տարածման առնչությամբ: Իրանն ու Հայաստանն այդ կապակցությամբ ինչպիսի՞ օրակարգային համատեղ քայլեր կարող են ձեռնարկել:

-Ինչպես արդեն նշեցի, ահաբեկչության սպառնալիքը ողջ աշխարհում առավել քան երբևէ լրջագույն մարտահրավեր է դարձել: Այս պայմաններում միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի ներքին անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ՝ թույլ չտալով ահաբեկչական կառույցներին հիմնավորվել իրենց տարածքներում: Զուգահեռաբար պետք է զարգացնել նաև միջպետական համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, սպառնալիքների կանխման ուղղությամբ և ցուցաբերել համատեղ կամք և վճռականություն՝ ահաբեկչության չարիքի դեմ պայքարի գործում: Ահաբեկչության դեմ պայքարի համար կենսական անհրաժեշտություն է այդ երևույթի նկատմամբ իրապես անհանդուրժող դիրքորոշման որդեգրումը: Միջազգային հանրությունը պետք է արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները: Ցավալի է, սակայն մեր տարածաշրջանի որոշ երկրներ, տուրք տալով այսրոպեական ինչ-որ կասկածելի շահերի, համագործակցության են գնում ահաբեկիչների հետ, նրանց ապաստան տրամադրում, ցուցաբերում բազմապիսի աջակցություն: Նմանօրինակ վարքի նկատմամբ պետք է դրսևորվի համընդհանուր անհանդուրժողականություն:

-Զբոսաշրջության բնագավառում հարաբերությունների զարգացման համար երկու երկրների միջև վիզաների չեղարկման փաստի ականատեսը եղանք. հետագայում ի՞նչ ձեռքբերումներ կարող է բերել Իրանի և Հայաստանի միջև վիզաների չեղարկումը: Իրանի և Հայաստանի միջև զբոսաշրջության զարգացման համար արդյո՞ք նախատեսվել են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ երկաթուղային, ցամաքային, օդային ուղիներ, հյուրանոցներ և այդ ոլորտի այլ ծառայություններ:

-Մենք կարևորում ենք մեր երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչն իր դրական ազդեցությունն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային ոլորտի, ինչպես նաև զբոսաշրջության խթանման վրա: Ինչպես մի առիթով նշել է իմ գործընկեր հարգարժան պարոն Հասան Ռոհանին, այսօր պատնեշների փոխարեն պետք է կամուրջներ կառուցել: Իմ կարծիքով՝ մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է: Մեր դիտարկումներով՝ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումից հետո գրանցվել է իրանցի զբոսաշրջիկների շեշտակի աճ: Այսօր շուկայում արդեն ձևավորվում են իրանցի այցելուների մշակութային նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային ծառայություններ: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ և ավելի հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծման, սպասարկման որակի բարձրացման, մեր հարուստ պատմամշակութային ժառանգության ներկայացման, դեպի Հայաստան ավիաչվերթերի քանակի ավելացման ուղղությամբ: Հայաստանն ունի ներկայանալի մշակույթ, անվտանգության բարձր մակարդակ և հյուրընկալ ու աշխատասեր ժողովուրդ, ինչը մեր երկրի մրցակցային առավելություններից է նաև զբոսաշրջության ոլորտում:

-Ինչպիսի՞ն է Ձերդ Գերազանցության գնահատականը Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության, այդ թվում՝ էլեկտրականության և գազի փոխանակումների վերաբերյալ: Ինչո՞ւ հաջողություն չունեցավ դեպի Եվրոպա Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագիրը: Արդյո՞ք այս կապակցությամբ կարելի է հուսալ, որ շուտով նոր քայլեր կձեռնարկվեն:

-Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է: Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:

Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար:

-Ավելի քան մեկ ուր կես տարի է ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, այդ անդամակցության հնարավորությունների և մարտահրավերների ի՞նչ հանգամանքներ եք տեսնում Իրան-Հայաստան կապերի համար՝ հաշվի առնելով այդ ընթացքում ունեցած փորձը:

-Մենք բազմիցս ենք նշել, որ պատրաստակամ ենք ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում, ինչպես գիտեք, արդեն ընթանում են բանակցություններ: Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա կարևոր է նշել, որ մենք դրանք չենք դիտարկում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հակադրության մեջ: Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար։ Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, և պատրաստ ենք հարթակ տրամադրելու իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։ Մենք ԵՄ-ի հետ ունենք GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ, որի շրջանակներում մի քանի հազար անուն հայկական ապրանքներ զրոյական մաքսատուրքով կարող են արտահանվել ԵՄ: Այդ հանգամանքը ևս կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ իրանական ներդրողների համար՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում:

-Իրանի և Հայաստանի միջև քաղաքական խոր և ընդլայնված, պատմական, քաղաքակրթական, մշակութային և լեզվական կապերի առկայությամբ հանդերձ, ցավոք, երկու երկրների տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերություններին համահունչ անհրաժեշտ և բավարար աճ չեն ունեցել: Արդյո՞ք օրակարգում առկա է որևէ հատուկ ծրագիր Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և երկու երկրների առևտրաշրջանառության ծավալի ավելացման համար:

-Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից է: Հայ-իրանական տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն է ուղղված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր գործունեությունը: Նպաստավոր կարող է լինել Սյունիքի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, որը գտնվելով երկու երկրների սահմանի վրա՝ լավագույնս կծառայի հայ և իրանցի գործարարներին և միջպետական համագործակցության ամրապնդման կարևոր բաղադրիչ կդառնա: Հայաստանը պատրաստակամ է իր ունեցած հնարավորություններով համակողմանիորեն օժանդակելու իրանցի գործարարներին մեր երկրում գործունեություն ծավալելու համար, և ինչպես արդեն նշեցի, հարթակ տրամադրելու Հայաստանի միջոցով այլ տնտեսական շուկաներ դուրս գալու առումով: Անհերքելի ճշմարտություն է, որ շատ դեպքերում հայ-իրանական համատեղ տնտեսական ձեռնարկները շատ ավելի մրցունակ կարող են լինել, քան դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած:

-Իրանի և Հայաստանի գործարար, առևտրական և արդյունաբերական շրջանակների միջև համատեղ կապիտալ ներդրումները ևս բարենպաստ իրավիճակ չեն արտացոլում: Այս նպատակի համար ևս արդյո՞ք որևէ հատուկ ծրագիր կա իրականացված: Արդյո՞ք Հայաստանի կառավարության օրակարգում էլ հատուկ ծրագիր կա ներառված՝ իրանական և հայկական կողմերի միջև արդյունաբերական և տնտեսական համատեղ ապրանքների արտադրման համար: Ի՞նչ պայմաններում են գտնվում Իրան-Հայաստան բանկային հարաբերությունները:

-Մենք իրականացնում ենք օտարերկրյա ներդրումների նկատմամբ բաց դռների քաղաքականություն: Մեր երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է, ինչը ենթադրում է, որ մենք գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից տարբերություն չենք դնում օտարերկրյա ընկերությունների և տեղական ընկերությունների միջև: Հայաստանն իրականացնում է արդյունաբերական զարգացման քաղաքականություն, որի շրջանակներում նախատեսում ենք ընդլայնել համագործակցությունը մեր հարևան երկրների, հատկապես Իրանի գործարարների հետ: Ինչպես նշեցի, մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստան-Իրան սահմանի վրա ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակներում հայ-իրանական տնտեսական փոխգործակցության զարգացման հետ: 

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման արդյունքում դրական տեղաշարժ կա նաև բանկային համագործակցության ոլորտում, ինչը դրական ազդեցություն կունենա նաև բանկային ոլորտում մեր փոխգործակցության վրա։ Կարծում եմ, որ մոտ ապագայում այս ուղղությամբ ևս ականատես կլինենք համագործակցության աճին:

-Մշակութային բնագավառում ևս Իրանի և Հայաստանի հարաբերությունները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն ներկայիս կապերի համեմատ: Արդյո՞ք նոր ծրագրեր են սահմանվել այդ նպատակի և կողմերի արվեստի ու մշակույթի բնագավառի հարաբերությունների ընդլայնման համար:

-Հայաստանի մշակութային համագործակցությունն Իրանի հետ ընդգրկում է գրեթե բոլոր բնագավառները, ինչպիսիք են՝ կինոարվեստի, թատերարվեստի, երաժշտարվեստի, գրահրատարակչության և այլ ոլորտները, որտեղ կյանքի են կոչվում բազմաթիվ հավակնոտ ծրագրեր:

Կինոարվեստի բնագավառում, օրինակ, Իրանում կայացավ հայկական ֆիլմերի շաբաթ: Օրեր առաջ Երևանում ավարտվեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը, որի 2011 թվականի հաղթող էր ճանաչվել  իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: Ի դեպ, այս ֆիլմը հետագայում որպես լավագույն օտարալեզու ֆիլմ՝ արժանացավ նաև «Օսկար» մրցանակին:

Երաժշտարվեստի բնագավառում կողմերը համագործակցում են երաժշտական, ազգագրական խմբերի փոխանակման ուղղությամբ: Համագործակցություն կա նաև թատերարվեստի ոլորտում, ինչպես նաև՝ թանգարանների միջև:

Յուրահատուկ են մեր ժողովուրդների լեզվական ընդհանրությունները։ Թե՛ հայերենը և թե՛ պարսկերենը աշխարհի այն հնագույն լեզուներից են, որոնցով կարելի է քիչ դժվարությամբ ընթերցել 900 տարվա հնություն ունեցող գրականությունը։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները մայրենի լեզուն պահպանել ու փայփայել են որպես թանկարժեք գոհար՝ միաժամանակ հաղորդակցվելով հարստացրել են նաև համաշխարհային գրականության գանձարանը։ Այսօր հայերեն բազմաթիվ թարգմանություններ կան Ֆիրդուսու, Սաադիի, Խայամի, Հաֆեզի և իրանցի այլ մեծամեծերի ստեղծագործություններից:

Մշակութային ոլորտում մեր համատեղ ծրագրերի ցանկը կարելի է անվերջ շարունակել, սակայն այդ ամենը կցանկանայի ամփոփել միայն մեկ գնահատականով. մենք ակտիվորեն համագործակցում ենք մշակութային փոխանակումների ուղղությամբ և բազմիցս վերահաստատել ենք այդ ոլորտում նաև գործով մեր փոխգործակցությունն առավել ակտիվացնելու մեր փոխադարձ հանձնառությունը:

-Երկու կողմերի մեկ այլ հնարավորություններից է համարվում գիտական և համալսարանական կապերի զարգացումը, որը մինչ այսօր այնքան էլ աճ չի ունեցել. արդյո՞ք որևէ հատուկ ծրագիր է իրականացվել համալսարանական և գիտական բնագավառի հարաբերությունների զարգացման համար:

-Հայաստան-Իրան հարաբերություններում գիտակրթական ոլորտը ևս նկատելի զարգացում է ապրում, սակայն այստեղ նույնպես կա բավական մեծ չիրացված ներուժ: Կարծում եմ՝ մեր երկրներն ունեն բոլոր հնարավորությունները հատկապես բարձրագույն կրթության ասպարեզում ավելի սերտ գործակցելու: Հայաստանի համալսարաններն ի վիճակի են որակյալ կրթություն ապահովելու իրանցի ուսանողների համար հատկապես այն գիտաճյուղերի գծով, որոնք Հայաստանում ունեն ուժեղ դիրքեր և կայացած ավանդույթներ: Համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումը ևս լուրջ նպաստ կարող են բերել ոչ միայն հայ և իրանցի գիտնականների միջև ամուր կապերի հաստատման, այլև այդ գործակցության արդյունքները ինստիտուցիոնալ մակարդակով կիրառական դաշտ տեղափոխելու առումով:

-Վերջում՝ ուրախ կլինեմ փոխանցելու Ձերդ Գերազանցության ուղերձը՝ ուղղված Իրանի ժողովրդին:

-Ցանկանում եմ դիմել թե՛ Իրանի և թե՛ Հայաստանի ժողովրդին. հայ-իրանական բարեկամությունը տրված չէ ի վերուստ, այլ ստեղծվել, ամրացել և իր այսօրվա ձևն ու խորը բովանդակությունն է ստացել տարիների, դարերի, հազարամյակների ընթացքում: Վստահ եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդներ, շարունակելու ենք մեր պատմության խաղաղ և հաստատուն ընթացքը դեպի նոր հազարամյակներ՝ փայփայելով ու շարունակաբար սնելով մեր հարաբերությունները:

Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрд