Դիզայներ Անչոկի խորհուրդները՝ թրենդային լողազգեստներ և ծովափնյա աքսեսուարներ ընտրելու հարցում
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Դիզայներ Անչոկը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է այս ամռան նորաձեւ լողազգեստների եւ ծովափնյա իրերի մասին:
«Ամռան ամենաակտուալ հարցը մշտապես եղել եւ մնում է նույնը՝ ինչպիսի լողազգեստ կրել, չէ որ հենց լողազգեստի ընտրությամբ կինը կարող է ցույց տալ իր գեղեցիկ կառուցվածքը: 2017-ին լողազգեստների ընտրանին շատ մեծ է, սակայն միշտ չէ, որ նորաձեւ լողազգեստը կարողանում է թաքցնել կազմվածքի որոշ թերությունները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ընտրել կազմվածքին առավելագույնս համապատասխան լողազգեստ»,- նշեց Անչոկն ու անդրադարձավ այս ամռան թրենդային լողագեստներին.
«2017-ին թրենդային համարվող լողազգեստները բազմազան են, բայց, ըստ իս, ամենանորաձեւը դրանք ոչ ստանդարտ պրինտներով, կտրվածքներով, ինչպես նաեւ բարձր գոտկատեղով լողազգեստներն են: Այժմ շատ գեղեցիկ են ռետրո ոճի լողազգեստները՝ պուտավոր կամ լայն գծերով, ինչպես նաեւ ալիքներն ու բախրամաները: Յուրաքանչյուր դեպքում շեշտը միայն ու միայն պետք է դնել այն հանգամանքի վրա, որ լողազգեստը ընդգծի մարմնի առավելությունները եւ քողարկի թերությունները»,- հավելեց դիզայները:
Նրա խոսքով՝ լողազգեստների գունային ներկապնակում շարունակում են ակտուալ մնալ վառ երանգները, նաեւ արտասովոր ու յուրօրինակ խառնուրդները:
Անդրադառնալով պարեոներին եւ ծովափնյա զգեստներին՝ Անչոկը նշեց.
«Պարեոների օգտագործման տարբեր ձեւեր կան, դա արդեն անձնական նախընտրություն է: Իսկ ծովափնյա զգեստների համար թրենդային են «չղջիկ» կոչվող, մեկթեւանի տարբերակները, ինչպես նաեւ լայն դեկոլդեով եւ գոտկատեղը ընդգծող տունիկաները: Պարեո կամ ծովափնյա զգեստ ընտրելիս՝ պետք է ուշադրություն դարձնել աչքերի, մազերի եւ մարմնի գույնին»:
Դե իսկ աքսեսուարներ ընտրելիս՝ դիզայները խորհուրդ տվեց հիշել, որ ծովափնյա ամենագեղեցիկ աքսեսուարը մնում են արեւային ակնոցները, որոնք եւ պաշտպանում են արեւից, եւ լրացնում են ծովափնյա կերպարը:
Իսկ վերջում Անչոկը նշեց, որ իր նորաձեւության տունը առաջարկում է տարվա թրենդային լողազգեստների, պարեոների, ծովափնյա զգեստների եւ աքսեսուարների մեծ տեսականի:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան