Հայաստանում չկան գեղասահքի համար նախատեսված սահադաշտեր. Եվգենի Պլյուշչենկո
СПОРТՕլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի չեմպիոն գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն մեծ ակնկալիքներ ունի նոյեմբեր ամսին Երևանում նախատեսված իր շոու-ծրագրից:
«Ավելի վաղ Հայաստանում ունեցել եմ երկու ցուցադրական ելույթներ, որոնք մեծ արձագանք գտան: Հիմա կրկին մարզական տեսանկյունից դադարի մեջ եմ: Այս մրցաշրջանին ես չեմ մասնակցում, փոխարենը մեծ և համաշխարհային շրջագայություն ունեմ: Նոյեմբերին ես ձեզ կներկայացնեմ իմ նոր շոու-ծրագիրը: Կարծում եմ, շատ հետաքրքիր կլինի, քանի որ ուզում եմ տեսնել ձեր արձագանքը: Ինձ գործերում ամեն ինչ կարգին է, լուրեր էին պտտվում, որ Պլյուշչենկոն կրկին կվիրահատվի, սակայն ամեն ինչ կարգին է: Շարունակում եմ մարզվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օլիմպիական խաղերի չեմպիոնը:
Վերջինս խոսեց նաև Օլիմպիական խաղերի մասին. «Ես մեծ ցանկություն ունեմ մասնակցելու հաջորդ Օլիմպիական խաղերին, առաջին հերթին ինքս ինձ ապացուցելու համար, որ դա հնարավոր է անել: Իհարկե, սարսափելի դժվար կլինի, բայց ինչու ոչ: Հուսեյն Բոլտը, Մայքլ Ֆելպսը, Իրինա Իսինբաևան յուրօրինակ են, ես ևս կփորձեմ: Գեղասահքը ամբողջ աշխարհում մեծ թափով է աճում: Իմ կարծիքով, Ճապոնիան ուշեղ գեղասահորդներ ունեցող երկրներից մեկն է»:
Հայկական գեղասահքի մասին խոսելով՝ աշխարհահռչակ մարզիկը շեշտեց, որ գեղասահքը Հայաստանում չի զարգանում, քանի որ համապատասխան պայմաններ չկան: «Ցավոք, Հայաստանում չկան գեղասահքի համար նախատեսված սահադաշտեր: Մենք ժամանակին փորձեցինք Պյլուշչենկոյի անվան մարզադպրոց բացել այստեղ, սակայն եթե տարվա մեջ միայն մեկ ամիս կարող ես սահել այդ սառույցի վրա, ապա երեխան չի կարող մարզվել: Հայաստանը ժամանակին լավ մարզիկներ ուներ, ինչպես իմ մենեջեր Արի Զախարյանը: Պարզապես ղեկավար այրերը պետք է աջակցություն ցուցաբերեն մարզաձևի զարգացման հարցում: ՄիաÕ �ն ֆուտբոլ և շախմատ խաղալով պետք չէ սահմանափակվել:Ես շատ ընկերներ ունեմ Երևանում: Նոյեմբերին կայանալիք շոուից հետո կշրջենք երկրով մեկ: Նախորդ անգամ այցի ժամանակ մենք եղել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Դուք հրաշալի կառույց ունեք, ինչպիսին մարզահամերգային համալիրն է: Դեռևս 2008-ին, երբ եղա Հայաստանում, երաժշտական համար կար «Իմ Հայաստան» երգի ուղեկցությամբ: Որն, ի դեպ, իմ սիրելի երգն է, իսկապես: Ես այն իմ «Այփադույ»-ում (Ipad) ունեմ»,-եզրափակեց Պլյուշչենկոն:
«Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը կկայանա նոյմեբերի 20-ին մարզահամերգային համալիրում, բացի Պլյուշչենկոյից ծրագրում հանդես կգան նաև էստրադային ջութակահար Էդգար Հակոբյանը, սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն և հայկական արմատներով գեղասահորդներ: