ՊՍԺ-ի նախագահ. Ֆինանսական ֆեյր-փլեյով անհանգստացած մարդիկ թող գնան սուրճ խմելու
СПОРТՖրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին թիմի նորեկ Նեյմարի շնորհանդեսին նվիրված ասուլիսում հայտնել է, որ ակումբը ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներ չի ունենա բրազիլացի հարձակվողի տրանսֆերի պատճառով:
«Ֆինանսական ֆեյր-փլեյով անհանգստացած մարդիկ թող գնան սուրճ խմելու: Ոչ մի խնդիր չկա: Մեր արածը բացարձակապես թափանցիկ է եւ օրինական: Անկեղծ ասած, թքած ունեմ, թե ինչ է գրում մամուլը:
Կարող եմ երաշխավորել, որ Նեյմարը փողի համար չի եկել մեզ մոտ: Նա կարող էր ավելի շատ վաստակել այլ ակումբում, քան այստեղ»,- Նասեր Ալ-Հելաիֆիի խոսքը մեջբերում է France Football-ը:
Հիշեցնենք, որ իսպանիայի Լա Լիգան փորձել էր խոչընդոտել Նեյմարի տեղափոխությանը, սակայն ՈւԵՖԱ-ից հայտնել է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումը հնարավոր է արձանագրել միայն երեք տարվա հաշվարկներից հետո: Ակումբը պետք է երեք տարում չունենա 30 միլիոն եվրոյից ավելի կորուստ:
Օգոստոսի 5-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում տեղի է ունեցել Բրազիլիայի հավաքականի հարձակվողի շնորհանդեսը: Ֆրանսիական ակումբի հետ Նեյմարը կնքել է 5 տարվա պայմանագիր եւ ստացել 10 համարի մարզաշապիկը: ՊՍԺ-ում նրա նորամուտը սպասվում է «Գենգամի» դեմ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա օգոստոսի 13-ին:
25-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»: Հարձակվողը 2013-ին բրազիլական «Սանթոսից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 186 հանդիպում եւ խփել 105 գոլ:
Նեյմարը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: