Լյորիս. 39 տարեկանում Բուֆոնը մյուսներից ավելի շատ է աշխատում, դրա համար էլ նա լավագույնն է
СПОРТ«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը բարձր է գնահատել «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մակարդակը.
«Բուֆոնի մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա, դա դժվար է նկարագրելը:
Նա այնպիսի ֆուտբոլիստ է, որը ոգեշնչում է մյուսներին: «Յուվենտուսում» շատ լեգենդար խաղացողներ են եղել, բայց Բուֆոնն առաջվա պես խաղում է թուրինցիների կազմում»,- Լյորիսի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նաև հայտնել է, որ Բուֆոնը ժամանակին եղել է իր կուռքը.
«Երբ ես ավելի երիտասարդ էի, Բուֆոնն իմ կուռքն էր: Ջիջին և Իկերը շատ երիտասարդ տարիքում սկսել են խաղալ շատ բարձր մակարդակով, դա ինձ համար ոգեշնչման աղբյուր էր:
«Յուվեում» անցկացրած 16 մրցաշրջանից հետո Բուֆոնը ցույց է տալիս, որ ունի այն նույն ամբիցիաներն ու մոտիվացիան, ինչ` նախկինում: Այս տարիքում լավագույնը լինելու համար պետք է ավելի շատ աշխատել, քան` մյուսները: Հենց սրա համար է նա լավագույնը»,- եզրափակել է իր խոսքը Լյորիսը:
Հիշեցնենք` «Տոտենհեմի» և «Յուվենտուսի» միջև «Ուեմբլիում» երեկ կայացած ընկերական խաղում անգլիական թիմը 2:0 հաշվով հաղթանակ է տարել: