Ժոան Գամփերի գավաթում «Բարսելոնան» 5:0 հաշվով հաղթեց «Շապեկոենսեին». դաշտ դուրս եկան ավիաաղետից փրկված ֆուտբոլիստները
СПОРТԿատալոնական «Բարսելոնան» Ժոան Գամփերի գավաթի խաղարկության շրջանակում հանդիպեց ավիաաղետից տուժած բրազիլական «Շապեկոենսեին» և առավելության հասավ 5:0 հաշվով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կատալոնացիների կազմում աչքի ընկան Ժերար Դելոֆեուն,Սերխիո Բուսկետսը, Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Դենիս Սուարեսը: 11-մետրանոց հարվածը չկարողացավ արդյունավետ իրացնել Պակո Ալկասերը: Հանդիպումը նվիրված էր «Շապեկոենսեի» զոհված ֆուտբոլիստների հիշատակին:
Նախորդ տարվա նոյեմբերին կործանվել էր Բոլիվիայից Կոլումբիա թռչող ինքնաթիռը, որում եղել էին 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Կենդանի էին մնացել 6 մարդ: Այդ հանդիպմանը մասնակցեց նաև «Շապեկոենսեի» պաշտպան Ալան Ռուշելը, ով փրկվածների թվում էր և աղետից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ: Նա փոխարինվեց 36-րդ րոպեին: Հանդիպումից առաջ դաշտ է դուրս եկել նաև «Շապեկոենսեի» բրազիլացի դարպասապահ Ջեքսոն Ֆոլմանը, որը ավիաաղետի հետեւանքով կորցրել էր ոտքը: